«Հյումն Ռայթս Ուոթչ» միջազգային կազմակերպության 2009թ. Համաշխարհային զեկույցը, որ լույս է ընծայվել ս.թ. հունվարի 14-ին, ամփոփել է մարդու իրավունքների վիճակը ավելի քան 90 երկրներում: Հայաստանի վերաբերյալ զեկույցում մասնավորապես նշված է. «2008թ. Հայաստանն ապրել է քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր, երբ մարտի 1-ին անվտանգության ուժերը ոչ համարժեք ուժ կիրառեցին 2008թ. փետրվարին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրության արդյունքների դեմ բողոքող ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ»:

Ի թիվս բռնություններով ու կեղծիքներով ուղեկցված ՀՀ նախագահի ընտրության, կազմակերպությունը արձանագրել է նաև լրատվամիջոցների, հավաքների ազատության սահմանափակումները, լրագրողների, իրավապաշտպանների ու քաղաքական ակտիվիստների վրա հարձակումները, ձերբակալվածների հանդեպ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը, ինչպես նաև միջազգային գլխավոր դերակատարների արձագանքը: Զեկույցում նշված է նաև, որ ընդդիմադիրների հարյուրավոր աջակիցների ձերբակալումից հետո ոստիկանները մի շարք ընթացակարգային խախտումներ են թույլ տվել, այդ թվում` կալանվածներին զրկել են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, փաստաբանից: Դատաքննության ընթացքն իսկ կասկածներ է առաջացրել արդար դատավարության հանդեպ. մի շարք կալանավորներ դատապարտվել են բացառապես ոստիկանության ցուցմունքների հիման վրա և արագացված դատավարությամբ: Զեկույցում մանրամասն նկարագրվել են արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները: Ի միջի այլոց, արտակարգ դրության վերացումից հետո հարկային մարմինների աշխատակիցները ենթադրաբար քաղաքական նպատակներ ունեցող ստուգումներ են սկսել որոշ օրաթերթերում:

ԵԽԽՎ-ն սպառնացել է կասեցնել Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը մինչև այն մի շարք լուրջ քայլեր չձեռնարկի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժը կորցրած ճանաչելու ուղղությամբ, չանցկացնի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ անկախ հետաքննություն, ազատ չարձակի բոլոր այն անձանց, ովքեր կալանավորվել են առերևույթ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով և անձնապես չեն կատարել որևէ բռնի գործողություն կամ ծանր հանցանք: Իշխանությունների կողմից օգտագործված ուժի և ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ մտահոգություն է արտահայտել նաև Եվրամիությունը, իսկ Միացյալ Նահանգները սառեցրել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագրի հետագա հատկացումները:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «Հյումն Ռայթս Ուոթչ» կազմակերպության վեբ կայքը