Ս.թ. հունվարի 12-ին «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպությունը հրապարակել է համաշխարհային քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վերաբերյալ տարեկան` Ազատությունն աշխարհում 2009թ. զեկույցը: Ըստ զեկույցի եզրակացությունների` Հայաստանը մասամբ ազատ երկիր է հռչակվել քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների սահմանափակ պահպանմամբ, ուր կոռուպցիայի, իրավունքի թույլ գերակայության, ազգային և կրոնական պայքարի պայմաններում տիրապետող է 1 կուսակցություն` սահմանափակ բազմակարծության ձևական առկայությամբ:

Հայաստանի քաղաքական իրավունքների վարկանիշը անկում է գրանցել՝ 5-ից իջնելով 6-ի, որը պայմանավորված է 2008թ. ՀՀ նախագահի ընտրության ժամանակ ընդդիմության հանդեպ իրականացված խոչընդոտներով, ինչպես նաև հետընտրական զարգացումներով, որ ուղեկցվել է ընդդիմադիր ուժերին ու բողոքի մասնակիցներին բռնի ցրելով և ավելի քան 100 անձանց շարունակվող ձերբակալությամբ: Քաղաքացիական ազատություններ ցուցանիշով Հայաստանը պահպանել է իր ունեցած 4 միավորը: Բոլոր վարկանիշներն արտացոլում են իրադարձություններն աշխարհում 2008թ. հունվարի 1-ից մինչև 2008թ. դեկտեմբերի 31-ը: Ընդ որում 1-ը ցույց է տալիս ամենաազատ և 7-ը ամենաքիչ ազատ երկրի ցուցանիշ:

Ազատությունն աշխարհում 2009թ. զեկույցը քննության է առել ազատության վիճակը աշխարհի 193 երկրներում և ռազմավարական տարածքներում: Զեկույցը վերլուծության է ենթարկել 2008թ. զարգացումները և յուրաքանչյուր երկիր գնահատել համապատասխանաբար` ազատ, մասամբ ազատ և անազատ կարգավիճակներով համաձայն հիմնական ազատությունների իրականացման աստիճանի: Նախկին Խորհրդային Միության ոչ մերձբալթյան երկրները շարունակում են տասնամյա անկման փուլը, մի քանի ցուցանիշներով ավելի ցածր տեղ գրավելով անգամ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից: Զգալի անկում ապրած երկրների շարքում են հարավօսական պատերազմի մեջ ներգրավված Ռուսաստանն ու Վրաստանը, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզստանն ու Մոլդովան: Մինչդեռ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ժողովրդավարությունն նախկինի պես ուժեղ է, չնայած արգելքներին, որ առկա են Բուլղարիայում և Մակեդոնիայում:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության վեբ կայքը