Ս.թ. դեկտեմբերի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) էլեկտրոնային եղանակով ընդհանուր ժողով է գումարել հետևյալ օրակարգով` կազմակերպության գործադիր մարմնում փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում, խորհրդի կազմում առաջարկվող փոփոխությունների հաստատում, նոր անդամների ընտրություն: Նախքան ընդհանուր ժողովի անցկացումը տեղի էր ունեցել կազմակերպության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել էր Ս.Այվազյանի գործադիր տնօրենի գործառույթները վայր դնելու հարցը` այլ պարտականություններով ծանրաբեռնված լինելու պատճառով և առաջադրվել էր Վ. Հոկտանյանի թեկնածությունը այդ պաշտոնին, ինչի կապակցությամբ խորհուրդը հաստատել էր նրա` փոխնախագահի պարտականությունների վաղաժամկետ դադարեցումը:

Ընդհանուր ժողովի ընթացքում ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանի առաջարկությամբ քննարկվել և հաստատվել է 2009թ. հունվարի 20-ից Վ.Հոկտանյանի` խորհրդի անդամի լիազորություների վաղաժամկետ դադարեցումը և Ս.Այվազյանի ընտրությունը խորհրդի կազմում: ԹԻՀԿ անդամության թեկնածուներ են առաջադրվել հակակոռուպցիոն, իրավապաշտպան, բնապահպան, լրագրողական, կրթական, կազմակերպությունների ակտիվիստներ: Քվեարկության արդյունքում ԹԻՀԿ կազմը համալրվել է յոթ նոր անդամով` Լալա Ասլիկյան, Հրայր Սավզյան, Կարեն Ափոյան, Լանա Կարլովա, Արթուր Սաքունց, Ավետիք Իշխանյան և Լևոն Բարսեղյան:

Նույն օրը կայացած խորհրդի նիստի ընթացքում ԹԻՀԿ գործադիր տնօրեն է նշանակվել Վարուժան Հոկտանյանը, ով իր պարտականությունը կստանձնի 2009թ. հունվարի 20-ից: