Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ս.թ. դեկտեմբերի 17-ին կազմակերպել էր ՀՀ ընտրական օրենսդրությանը նվիրված փորձագիտական քննարկում «Նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մոնիտորինգ Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այ Էֆ Ի Էս-ի կողմից ֆինանսավորվող միջոցառման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները, պետական հաստատությունների, կուսակցությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների շահագրգիռ ներկայացուցիչները հաղորդակից են դարձրել ՀՀ-ում ընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգավորման վերաբերյալ իրենց փորձին ու մասնագիտական հմտություններին:

ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանի և Այ Էֆ Ի Էս Հայաստանի ծրագրի ղեկավար Չեդոմիր Ֆլեգոյի ողջույնի խոսքին հաջորդել են Լեհաստան կատարած ուսուցողական այցի մասնակիցների ելույթները, որոնք ներկայացրել են լեհական փորձը: Ելույթ ունեցողների թվում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արմեն Մարտիրոսյանը, Ժառանգություն կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը, ԹԻՀԿ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը, Այ Էֆ Ի Էս Հայաստանի փորձագետ Աղասի Եսայանը, որոնք ներկայացրել են ընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգավորման լեհական փորձը և դրա հնարավոր կիրառումը Հայաստանում:

Քննարկումներին ու հարցուպատասխանին գործուն մասնակցություն են ունեցել փորձագետ Արտակ Զեյնալյանը Հանրապետություն կուսակցությունից, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Ժառանգություն» խմբակցությունից, աշխատանքային խմբի այլ անդամներ Անահիտ Աղոյանը Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունից, Ալեքսան Կարապետյանը Ազգային միաբանություն կուսակցությունից, Արամ Հարությունյանը Ազգային համաձայնություն կուսակցությունից, և այլոք: