Ս.թ. սեպտեմբերի 19-ին «Հոդված 3» ակումբում տեղի է ունեցել քննարկում-ասուլիս «Թեկնածուի ու դիտորդների արձագանքը ՏԻՄ ընտրություններին» թեմայով, որի բանախոսներն էին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանն ու Գառնու համայնքապետի թեկնածու Արուսյակ Այվազյանը:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ շատ քաղաքացիներ գնալով ընտրատեղամաս` բացահայտել են, որ իրենց անվան դիմաց արդեն կատարել են ընտրութուն։ Ըստ Գրիգորյանի՝ սա համակարգային խնդիր է ինչպես ՏԻՄ, այնպես էլ համապետական ընտրությունների ժամանակ։ Երբ բացահայտվում է, որ նման խնդիր կա, հաճախ հանձնաժողովն առաջարկում է, որ ընտրողը մեկ մարդու անվան դիմաց ստորագրություն կատարի, որը քրեորեն պատժելի արարք է: Այսինքն՝ հանձնաժողովները ստիպում են քաղաքացուն կատարել մի քայլ, որն ամբողջովին հակաօրինական է: Եղել են նաև դիտորդների գործունեության խոչընդոտման, ուղղորդումների ու կուտակումների դեպքեր: Նրա խոսքերով` հստակ գնահատական տալը դեռ դժվար է, քանի որ ամբողջական ամփոփում չկա, սակայն ընտրակեղծարարության խնդիրը արդյունքի վրա ազդելն է:

Տես ասուլիսի լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում` a1plus.am, nyut.am, 7or.am, newsline.am, hraparak.am