Քաղաքացի դիտորդ նախաձեռնության հորդորը ԿԸՀ-ին
Քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիտորդների կողմից օրվա ընթացքում ստացվել են մի շարք ահազանգեր ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին:
Ընտրողները քվեարկություն կատարելու համար տեղամաս գալով բացահայտում են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է: Տեղամասային հանձնաժողովները նրանց առաջարկում են ստորագրել իբր իրենց փոխարեն քվեարկած (ստորագրած) անձանց անվան դիմաց և քվեարկություն կատարել: Ըստ ՏԸՀ-ների` այս խորհրդատվությունը տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` քաղաքացուն ընտրական իրավունքից չզրկելու պատճառաբանությամբ:
Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը մտահոգիչ է համարում Ընտրական օրենսգրքին հակասող և առերևույթ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակող այսօրինակ խորհրդատվություններն ու ցուցումները, ինչը նաև նպատակ է հետապնդում կոծկել ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը:
Հորդորում ենք ԿԸՀ-ին՝ իրականացնել միայն ՀՀ ընտրական օրենսդրությունից բխող խորհրդատվություն՝ զերծ մնալով ստորադաս հանձնաժողովներին օրենքից չբխող խորհուրդներ և ցուցումներ տալուց, իսկ այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի արձանագրման դեպքում` ձեռնարկել համապատասխան քայլեր` հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերն իրավապահ մարմիններին ըստ ենթակայության ուղարկելու համար:
Քաղաքացի դիտորդ նախաձեռնություն