Հրավիրված բանախոս Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը վերստին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ ԹԻ դիրքորոշումը ՄԱԿ-ի ժողովրդավարության ֆոնդի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի կազմակերպած «Պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» համաժողովի ընթացքում:

Նա անդրադարձել է կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին, որի միջոցով փորձ է կատարվում իշխանություններին լեգիտիմ դարձնել և միջազգային հանրությանը ցույց տալ, որ երկրում առկա է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք: Մինչդեռ քաղաքական կոռուպցիան հաշվի չի առնվում, որը կարող է շատ ավելի լուրջ վնաս հասցնել մեր երկրին, քան ստորին օղակների կոռուպցիան, որին ուղղված են այսօրվա ՀՀ կառավարության բարեփոխումները: Ստորին օղակի պաշտոնյաների ձերբակալությունը համոզիչ չէ, քանի որ նրանք տակավին ամենամեղավորները չեն կոռուպցիայի շղթայում: Կոռուպցիայի վերահսկողությունը արդյունավետ չի կարող լինել ոչ մի երկրում առանց արդարության, արտահայտման և հավաքների ազատության գործադրման, անկախ լրատվամիջոցների, տնտեսական մենաշնորհների վերացման, մաքուր ընտրությունների ապահովման և այլն: