«Հետք» պարբերականը տեղեկություն է հրապարակել, ըստ որի Ֆինանսների նախարարի որդիները՝ Գուրգենը և Արտյոմը, 2010 թ. «շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում»՝ 11 միլիոն դոլարով և այժմ այն վաճառքի են հանել 35 միլիոն դոլարով: Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասել է, որ և՛ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, և՛ վերահսկողական ծառայությունները պետք է առնվազն ուսումնասիրեն, թե ինչպես է ստացվել, որ գրեթե մեկ տասնամյակ Հայաստանի մաքսային ու հարկային ծառայությունները ղեկավարած անձի որդիները կարողանում են միլիոնավոր դոլարների գնումներ կատարել արտերկրում․

«Օրինակ, այս դեպքում, երբ որ ակնհայտորեն բացահայտվել է որդու կողմից նման գործարք, ապա Էթիկայի հանձնաժողովը պետք է որ ընթացք տար այդ գործին և փորձեր բացահայտեր, կամ այդ գործը հանձներ համապատասխան իրավապահ մարմիններին, որոնք կփորձեին բացահայտել այդ աղբյուրների օրինականությունը: Մենք տեղյակ չենք՝ վարույթ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Բայց ենթադրում ենք, որ ոչ, որովհետև երբևիցե Էթիկայի հանձնաժողովը իր նախաձեռնությամբ նմանատիպ լուրերին ընթացք չի տվել»:

Տես «Ազատություն» ռադիոկայանի նյութը: