Ազատություն ռադիոկայանն անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) «ՀՀ պաշտպանության ոլորտի գնումների գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտությանը, որի արդյունքները ներկայացվել են Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Ըստ Ազատության, ուսումնասիրելով պաշտպանության ոլորտի գնումների գործընթացները՝ ԹԻՀԿ-ը եզրակացրել է, որ կա թափանցիկության խնդիր, իսկ հրապարակման ենթակա տվյալների դեպքում՝ առկա է անհամապատասխանություն։ Ուսումնասիրելով Գնումների աջակցման կենտրոնի (ԳԱԿ) տարեկան հաշվետվությունները՝ ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանը նկատել է, որ տեղեկություններն իրարից տարբերվում են:

Ոլորտի խնդիրների մասին Մանուկյանը խոսում է կոնկրետ օրինակով․ 2015 թ. հունիսին Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի այժմ արդեն նախկին պետ Ալիկ Միրզաբեկյանը սնունդ է ձեռք բերել իր ազգանվանակից վաճառողից: Ընդ որում, ԹԻՀԿ մասնագետները պարզել են, որ փաստաթուղթը կառավարության կայքից հետագայում հանվել է։

Մեկ այլ կոռուպցիոն ռիսկ է նկատվել «Զինառ» և «Հենակետ» ընկերություններում, որոնց բաժնետերը Պաշտպանության նախարարությունն է․

  • 2014 թ. «Զինառ» ՓԲԸ-ն իրականացրել է 14.5 միլիոնի ճաշկերույթ:
  • Անհասկանալի է «Հենակետ» ՓԲԸ-ի հետ 2015 թ. 81 միլիոն դրամի թերթի տպագրության պայմանագիրը, որից միայն 12 միլիոն դրամն է, որ թերթի տպագրության վրա է ծախսվել: Մնացածը գրած է՝ այլ տպագրություն»:

ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը, անդրադառնալով քաղաքական խնդիրների, պնդել է, թե ժամկետային զինծառայողները ծառայության ընթացքում զրկվում են բազմակողմանի ինֆորմացիա ստանալու հնարավորությունից, իսկ ընտրությունների ժամանակ ուղղորդվում են։ Ամենաթարմ օրինակը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեն է։ Այն տեղամասերում, որտեղ զինծառայողներն են քվեարկել, «Այո»-ն անհամեմատ մեծ տարբերությամբ է հաղթել․ - «Հիմա տեղամասերի համարներն էլ են գաղտնի պահվելու: Այսինքն, եթե առաջ կարող էինք հարցում անել և տեսնել, թե որտեղ են քվեարկել և վերահսկեինք այդ տեղամասերը, ներկայումս այդ ինֆորմացիան գաղտնի է: Ակնհայտ է, որ այնտեղ ավելի շատ չարաշահումներ կարող են լինել»:

Տես Ազատության նյութը: