Ս.թ. հունիսի 28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստան) աջակցությամբ անց է կացրել ՀՀ Գնումների մասին նոր օրենքի նախագծի հանրային բաց քննարկում: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը և ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Դավիթ Ամիրյանը նշել է, որ այս ոլորտում բավականին լուրջ խնդիրներ կան, և ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, կոռուպցիան և առավել ևս գնումները մեր երկրում ունեն արյան գին:

Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է ՀՀ գնումների մասին օրենքի նախագծում արվող հիմնական փոփոխությունները, որոնք պայմանավորված են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որն անդամակցում է և՛ Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների համաձայնագրին, և՛ ԵԱՏՄ-ին, իսկ դրանք երկուսն էլ պարտավորություններ են թելադրում, չնայած միմյանցից բավականին տարբեր են: «Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը հանդիսանում է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին անդամակցող երկիր և նաև առաջին երկիրն է, որը իր օրենքը «հարմոնիզացնում է» ԵԱՏՄ համաձայնագրի պահանջներին: Այսինքն՝ մենք, կարելի է ասել, նենց «տիպայինյ», օրինակելի ֆորմատ ենք ունենալու օրենքի, որը հետո, կարծում եմ, մնացած երկրները կօգտագործեն», ասել է Շահնազարյանը:

Այնուհետև տեղի է ունեցել հարց ու պատասխան և քննարկում: Մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկությունները: ԹԻՀԿ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը համամիտ էր ֆինանսների նախարարության պաշտոնյայի հետ, ասելով, որ հաճախ գնումների մասնագետը խնդրի ոչ պատշաճ տիրապետումը բարդում է գնումների մասին օրենսդրության վրա: Այդուհանդերձ, Մանուկյանը գտնում է, որ ֆինանսների նախարարության վերապատրաստման և ուսուցման ծրագրերի որակը հեռու է պահանջներից:

Տես մեդիա լուսաբանումները հետևյալ լրատվամիջոցներում՝ Առավոտ, yerevan.today, 1in.am, panarmenian.net, tert.am: Տես միջոցառման ֆոտո պատմությունը: