Առավոտի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանը պաշտպանության համակարգում բարձրաստիճան պաշտոնյաների նոր ձերբակալությունները չի համարում քառօրյա պատերազմի հետևանք: Ըստ Մանուկյանի՝ հնարավոր է պատերազմը նպաստել է, որ իշխանությունները քայլեր ձեռնարկեն, բայց խնդիրը եղել է բավականին երկար ժամանակ: Մարտի 30-ին ԹԻՀԿ-ը ներկայացրել է պաշտպանության համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման զեկույցը, որում գնումների մասով արձանագրված են նույն խնդիրները, որ միջնորդներից բարձր գներով ձեռքբերումներ կան: Մանուկյանի խոսքով՝ բանակն ամեն առումով իր պաշտպանական ծախսերը պետք է թափանցիկ ու արդյունավետ դարձնի՝ հաշվի առնելով պատերազմական վիճակը: «Բայց ինչպես երևում է՝ այդ մոտեցումը չի գործել»:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։