Ս.թ. մայիսի 27-28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագիծ» թեմայով եզրափակիչ աշխատաժողովին՝ տեսակետներ փոխանակելով օրինաստեղծ գործընթացի բարելավման ուղիների վերաբերյալ: Քննարկվող թեմաներն էին՝ քաղաքականության մշակում և օրենսդրական պլանավորում, հանրային քննարկումներ և կարգավորման ազդեցության գնահատում, ինչպես նաև օրենսդրության կիրառման մշտադիտարկում և գնահատում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանությունների, քաղաքացիական հասարակության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներ:

Սույն աշխատաժողովով սկսվել է 2014 թ. փետրվարի 19-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջև կնքված Փոխըմբռնման հուշագրով նախատեսված Կարգավորման ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագծման գործընթացի վերջին փուլը: Աշխատաժողովի հիմքում ընկած են 2014 թ. հոկտեմբերին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «ՀՀ օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատում» զեկույցի եզրակացությունները և 2015 թ. կազմակերպված թեմատիկ աշխատաժողովների ընթացքում օրենքների մշակման գործընթացի տարբեր խնդիրներին վերաբերող առաջարկությունները: