Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կազմակերպած բանավեճին, որը հեռարձակվել է «Ա1պլյուսով»: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանրության շրջանում սկսեցին սուր շեշտադրումներով հնչել պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու և որպես դրա առաջին քայլ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու մասին պահանջները: Տուրք տալով հանրային պահանջներին՝ իշխանությունները հայտարարեցին կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ սկսելու մասին: Բանավեճի մասնակիցները պատասխանել են, թե ներկայիս քաղաքական, սոցիալ-տնեսական իրողությունների պայմաններում որքանո՞վ կարող է արդյունավետ լինել կոռուպցիայի դեմ իշխանությունների հայտարարած պայքարը:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմը, տնտեսական ծանր իրավիճակը և ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիքը՝ եղավ գիտակցում և՛ հասարակության կողմից, և՛ վերնախավն էլ հասկացավ, որ այլևս չի կարող ձևացնել, թե չի գիտակցում: Սակայն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն առաջին հերթին ենթադրում է քաղաքական կամքի առկայություն: Եթե չլինի քաղաքական կամք՝ ապօրինի հարստացման մեխանիզմն անգամ կարող է ի չարս գործադրվել քաղաքական հետապնդումների համար: Եթե կա լուրջ պայքար, այն պետք է զուգակցվի և՛ ապօրինի հարստացման ինստիտուտի ներդրմամբ, և՛ իրավապահ համակարգի վերից վար գործառույթների ու գործունեության փոփոխությամբ, և՛ շատ ավելի լուրջ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի գոյությամբ: Եթե համակարգային մի ամբողջականության մեջ չկան տնտեսական, դատա-իրավական համակարգի, տեղական ինքնակառավարման համակարգի ռեֆորմներ, միայն 2015-18 թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ առաջ չենք գնա:

Նախքան քառօրյա պատերազմը Վարուժան Հոկտանյանն իր հրապարակային ելույթներում բազմաթիվ անգամ նշել է, որ եթե այսպես շարունակվի, պետականություն ենք կորցնելու: Սակայն նա չի տեսնում այն արթնացումը, որ կցանկանար տեսնել վերնախավի կողմից: Ընդամենը փորձեր են կատարվում գործող օլիգարխիկ համակարգի արդյունավետությունը բարձրացնել: Իսկ համակարգը պետք է փոխել: Այդ մասին է վկայում ընտրական օրենսգիրքը, որը ևս պետք է փոխել: Իշխանություններն ընտրություններում կարող են հասնել ցանկալի արդյունքի, ուղղակի ուզում են համապատասխան ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի հետ կապված ծախսերը կրճատել, գուցե ինչ-որ հայտարարություններ անելով բնակչության որոշ մասին կարողանան մոլորեցնել:

«Ա1պլյուսի» հեռուստատաղավարում Մեդիա կենտրոնի կազմակերպած բանավեճի մյուս մասնակիցներն էին «Ժառանագություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև-Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քատուղարության համակարգող Կարեն Զադոյանն ու տնտեսագետ Հայկ Գևորգյանը:

Տես Մեդիա կենտրոնի մամուլի հաղորդագրությունը: