Վերջին շրջանի իրադարձությունների շուրջ Մեդիալաբը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: Ըստ Հոկտանյանի՝ ամենաանհագստացնողն այն է, որ կոռուպցիան սպառազինությունների ոլորտի հետ է կապված, որը չպետք է լիներ մի երկրում, որը դե ֆակտո պատերազմի մեջ է իր հարևանի հետ: Հնարավո՞ր է ամբողջ կոռուպցիոն մեխանիզմը բացել, իշխանություններն արդյոք կկարողանա՞ն համոզել կամ ապացուցել, որ ամեն ինչ ավելի վերև չի գնացել:

Հոկտանյանի կարծիքով՝ կարևորն այն է, որ ավելի պատրաստված, ավելի զինված լինենք հնարավոր պատերազմի դեպքում: Միայն դա կարող է չափել, թե որքանով է կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ: Ոչ մի երկրում կոռուպցիան արմատախիլ չի արվել, խնդիրը դա այնպիսի աստիճանի իջեցնելն է, որ երկրի զարգացմանը չվնասի: Կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ կոնկրետ կոռուպցիոն դրսևորումները չեզոքացնելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ: Խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ համակարգի: Եթե կոռուպիցայի դեմ պայքարի խորհրդում մեկ ուրիշին դնենք կամ նախարար փոխենք, համակարգը չի փոխվում: Եթե համակարգը չի փոխում, ապա չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո, երբ կրքերը հանգստանան, նման երևույթները նորից կկրկնվեն:

Կոռուպցիան այնպիսի երևույթ է, որի դեմ պայքարի արդյունքները պետք է երևան: Արդյունքը կչափվի այն ժամանակ, երբ աղքատությունը կրճատվի, աշխատատեղեր բացվեն, մարդիկ կարողանան աշխատանք գտնել ըստ իրենց արժանիքների, ոչ թե խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով:

Հոկտանյանը գտնում է, որ հնարավոր է նույնիսկ առանց աղմկահարույց ձերբակալությունների գալ այնպիսի վիճակի, որ մարդիկ տեսնեն, որ շուրջը նորմալանում է վիճակը: Դա կարվի ռեպրեսիվ մեթոդներով, թե առանց մեծ աղմուկի և քայլ առ քայլ, կարևորն այն է, որ մարդիկ արդյունքը տեսնեն ու զգան իրենց մաշկի վրա, որը ոչ թե բնորոշվում է ընդունված օրենքների կամ ձերբակալված անձանց թվով, այլ հանրային աջակցությամբ: Արդյունքը տեսնելուց հետո մարդիկ ավելի կոգևորվեն ու կներգրավվեն կոռուպցիայի դեմ պայքարում:

Տես Մեդիալաբի նյութը: