«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) գրավոր դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ տեղեկացնելով Երևան քաղաքի դպրոցներում իրականացվող անօրինական դրամահավաքի մասին՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական, Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ, Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական և թիվ 174 հիմնական դպրոցներից կազմակերպության կողմից ստացված ահազանգերի հիման վրա: ԹԻՀԿ-ը կրկին դիմել է նախարարին՝ հայտնելով, որ նմանատիպ ահազանգեր է ստացել նաև մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան հ. 55 հիմնական, Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական, հ.105 ավագ և հ. 108 միջնակարգ դպրոցներից՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նշված փաստերը ստուգելու և անօրինականություները վերացնելու ու կանխելու ուղղությամբ:

Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների, Չեխովի անվան դպրոցում հունվար ամսին յուրաքանչյուր ավարտական դասարանից 200 հազար դրամ է հավաքվել տնօրենի համար, հ.124-րդ դպրոցում 12-րդ դասարանի բոլոր 21 աշակերտներից՝ 26-ական հազար դրամ, իսկ 105-րդ դպրոցում 100.000-ական դրամ յուրաքանչյուր երեք ավարտական դասարանից հավաքվել է տնօրենի համար, 100.000-ական դրամ` դասղեկների: Ընդ որում՝ նշված գումարները որևէ կապ չունեն ավարտական միջոցառումների կազմակերպչական ծախսերի հետ: