Անդրադառնալով վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հայտարարություններին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ թեև կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք չի տեսնում, անհանգստություն նկատում է: Ապրիլյան պատերազմի ֆոնին անհանգստություն կա, որ իրավիճակը բավականին լուրջ է, կոռուպցիան վնաս է հասցնում երկրին, անվտանգությանը:

Նա չի կարծում, որ կա նպատակուղղվածություն և ինչ-որ քայլերի հերթականություն, որ պետք է արվեն: Ըստ Հոկտանյանի՝ միայն ընդհանուր մտքեր կան, որ պետք է մոնոպոլիաներն ուսումնասիրվեն, պետական ապարատը օպտիմալացվի, ինչը ԹԻՀԿ-ն ասում է տարիներ շարունակ, և նորություն չէ: Տարօրինակ է, որ այդ ամենը հիմա է բարձրաձայնվում, ոչ թե վաղուց:

Ըստ Հոկտանյանի՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին ստեղծելու առաջարկն այլընտրանք է հակակոռուպցիոն խորհրդին: «Տեսականորեն շատ ճիշտ առաջարկ է, որովհետև անկախ մասնագիտացված մարմինն ավելի արդյունավետ կաշխատի: Խնդիրն այսօր այն է, թե լինի դա խորհուրդ, թե մասնագիտացված մարմին, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, այդ ամենը կարող է աշխատել, եթե կա կոռուպցիան իսկապես նվազեցնելու քաղաքական կամք: Եթե դա չկա, այդպիսի մարմինը կդառնա հերթական ձևական, միգուցե նաև՝ կոռումպացված մարմինը»,-ասել է Հոկտանյանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների հետ կառավարության համագործակցությանը, ապա նա ասել է, որ թեև սիստեմատիկ բնույթ չի կրում, բայց կա այդպիսի համագործակցություն: «Միջազգային կազմակերպությունների կողմից այնքան էլ ակտիվություն չկա այն պատճառով, որ չի երևում խոսքից գործին անցնելու պահը»,- եզրափակել է Հոկտանյանը: