«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշել է, որ Վերահսկիչ պալատի բացահայտումները ոչ նպատակային ծախսերի վերաբերյալ պետք է քննեն համապատասխան իրավապահ մարմինները: Իրավապահ մարմինների հիմնական գործառույթը պետք է լինի հանրապետությունում անպատժելիության մթնոլորտի վերացումը: Այդ մարմիններն էլ ենթարկվում են ավելի վերև գտնվող պաշտոնատար անձանց՝ ստանալով այն բուրգը, որը և պատասխանատու է վերևից ներքև հանցագործությունը պատժելու համար:

Պետք է փորձենք վեր հանել հիմնական հարցը: Համաշխարհային հակակոռուպցիոն կոնգրեսը միշտ բարձրացնում է անպատժելիության խնդիրը: Երբ փորձ է արվում իրավիճակ փոխել, ավելի նորմալ պետություն դառնալ, պետք է սկսել պատժելիության հարցը նայելուց: Կգա հաջորդ հարցը. ո՞վ է պատժողը, որքանո՞վ է անպատժելի պատժողը:

Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հաջողությամբ պսակվել, եթե լինի իշխանափոխություն կամ դրսևորվի քաղաքական կամք՝ վերևից ներքև ընթացքով տնտեսական մոդելը փոխելով: Իշխանափոխությունը որոշ երկրներում բերել է կոռուպցիայի նվազման, այլ երկրներում՝ չի բերել: Ըստ Հոկտանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ կլինի, եթե մեր երկրում տնտեսական մոդելը փոխվի, այնպես, ինչպես օրինակ, Սինգապուրում: «Այնտեղ հովանավորչության, խնամի-ծանոթ-բարեկամ մոդելով բիզնեսների տնօրինումը վերացվեց և ստեղծվեց ազնիվ մրցակցություն, ճշգրիտ հաշվարկված, տնտեսական այլ ռեֆորմներ իրականացվեցին, որոնք հանգեցրին կոռուպցիայի դեմ պայքարի պահանջարկին: Քանի դեռ այս օլիգարխիկ, մենաշնորհային մոդելը, քաղաքական և բիզնես վերնախավի սերտաճումը վերացած չէ կամ գոնե թուլացած, կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելն անիմաստ է»:

Տես «Առաջին լրատվական»-ի նյութը: