ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնել է. «Որոտանի մեկ կիլովատ ժամն այսօր վաճառվում է 15 դրամով՝ ներառյալ ԱԱՀ, ատոմայականը՝ 13 դրամով, ներառյալ ԱԱՀ»։ «Հնչեցված թվերը բավականաչափ հեռու են իրականությունից»: Այս եզրականությանն է հանգել տնտեսագետ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը՝ համադրելով Նազարյանի կողմից հնչեցված տեղեկությունները էլեկտրաէներգիայի հաշվետվությունների փաստացի տվյալների հետ, որ վերցված են հենց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:

Մանուկյանն այդ փաստարկը հիմնավորում է հասարակ մաթեմատեկական վարժությունով՝ սակագինը համեմատելով իրականության հետ: «Այս առումով խնդիրը 2 բացատրություն ունի՝ կա՛մ միտում կա՝ սակագինը արհեստական ուռճացրած ցույց տալու հանրությանը, կա՛մ այն մարդիկ, ովքեր այդ թվերը ներկայացնում են պարոն Նազարյանին, արջի ծառայություն են մատուցում»,- ասում է տնտեսագետը: Հաշվարկի հիմնավորումը տես ԹԻՀԿ տեսանյութում: