Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է վերադառնալ ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով բանակցությունների սեղանին, եթե իշխանությունները հայտարարեն, թե պատրաստ են լուծել ցուցակների մաքրման ու տեսախցիկների տեղադրման հարցը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս չեն բացառում բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, եթե նկատեն, որ իշխանություններն իսկապես պատրաստ են փոխել տեսակետները սկզբունքային հարցերի շուրջ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ եթե վերանայվի իշխանությունների դիրքորոշումը առանձին հարցերի և մասնավորապես ցուցակների հրապարակման վերաբերյալ, ապա պատրաստ են վերադառնալ և շարունակել քննարկումը: «Մեզ համար ցուցակների հրապարակումը առաջին կարևոր կետն է»,- ասում է Սոնա Այվազյանը:

Իշխանության ներկայացուցիչները քաղաքացիկան հասարակության ու ընդդիմադիրների 5 պահանջներին պատասխանում են հակընդդեմ առաջարկներով: Ցուցակների հրապարակման փոխարեն իշխանությունները պատրաստ են դիմումի դեպքում տրամադրել կոնկրետ տեղամասի ցուցակից ընտրությանը մասնակցած քաղաքացիների ընտրացուցակային համարները: Դիտորդական կազմակերպությունները, սակայն պնդում են, թե խնդիրն այսպես չի լուծվի: Ըստ Սոնա Այվազյանի՝ քանի որ չկա ընդհանուր վստահություն էլեկտրոնային համակարգի նկատմամբ, ապա այդ էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված փաստաթուղթը չի համարվելու պաշտոնական փաստաթուղթ:

Ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության մի մի շարք պահանջների կատարման համար իշխանություններն ասում էն, որ լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր, ինչը պետությունը չունի: Քննարկմանը ներկա ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասել է, որ պատրաստ են օգնել իրենց հնարավորության սահմանում մեկ պայմանով, որ լինի ընտրական օրենսգրքի լավ նախագիծ, որն արտացոլի միջազգային կառույցների առաջարկներն ու բարձրացնի Հայաստանում վստահության մակարդակը: Ընդդիմության և քաղաքացիական հասարակության 5 առաջարկները հիմնված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների վրա: Դեսպան Սվիտալսկու համար առաջընթաց կլինի, եթե Հայաստանը 2017 թ. կարողանա անցկացնել 2011 թ. վրացական ընտրությունների մակարդակի քվեարկություն: