«Ընտրական օրենսգրքի նախագծում դիտորդական առաքելության հետ կապված մի վտանգավոր նորամուծություն կա»: Այդ մասին, ս.թ. ապրիլի 23-ին «Նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում և դիրքորոշումների ներկայացում» միջոցառման ընթացքում newsline.am-ին ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, ով միջոցառմանը բանախոսել է դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունները ընտրական տեղամասերում թեմայով: Միջոցառումը կազմակերպել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի աջակցությամբ:

«Նշվում է, որ դիտորդների զեկույցները պետք է հրապարակվեն ԿԸՀ կայքում և գնահատականները պիտի հիմնված լինեն անձնական դիտարկումների վրա: Չգիտեմ` ինչ վատ նախադեպ են ունեցել, որ նման իրավակարգավորում են մտցրել, բայց հաշվի չեն առել, որ դիտորդական առաքելությունը կարող է լինել երկարաժամկետ և կարճաժամկետ: Երկարաժամկետ առաքելության դեպքում դիտարկվում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը` արդյոք բարեխիղճ է օգտագործվել նախընտրական փուլի հիմնադրամը, արդյոք վարչական ռեսուրսը չի չարաշահվել: Ի վերջո, դիտորդական առաքելությունը կարող է իրականացվել` հիմք ընդունելով լրատվամիջոցների հրապարակումները»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

Նա նշել է, որ եթե այդ դրույթը գործեր հանրաքվեի ժամանակ, ապա «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հրապարակումները կարող էին հակաօրինական համարվել, քանի որ «Այո»-ի շտաբի վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ տեղեկությունները վերցվել էին լրատվամիջոցներից: «Թվում է, թե «անձնական դիտարկումներ» ձևակերպումը շատ անմեղ է, բայց դրանով փորձում են սահմանափակել դիտորդների զեկույցների բովանդակությունը և տանել իրենց համար ցանկալի ուղիով»: