Հ3 հեռուստաընկերության «Իրական հայացք» հաղորդման հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ՏԻՄ ընտրությունները մեծ հաշվով անցնում են հանգիստ, եթե այդ համայնքում մրցակցություն չի լինում: Երբ մրցակցություն է լինում, (լինում է ընդդիմադիր թեկնածու, կամ մի թեկնածու, որին իշխանությունն ամբողջությամբ չի աջակցում) ընտրակեղծիքների թիվը սկսում է աճել: Երբ քաղաքացին կաշառք է վերցնում, իշխանություններին դարձնում է անպատասխանատու: Քաղաքացին պետք է հասկանա, որ ընտրությունները կեղծելու արդյունքում ձևավորվվում է այնպիսի իշխանություն, որը կոռումպացված է: Կոռումպացված իշխանությունը ուտում է փողերը, և մարդիկ գնում են սահման ծառայելու ու ենթարկվում են հարձակման: Այս կապը պետք է ավելի հստակ տեսնել: Ողջ հանրության վերահսկողությամբ պետք է թույլ չտալ, որ ընտրակեղծիքներ կատարվեն: Պետք է հասկանալ, որ մեր պաշտպանվածությունը ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով կայացած ժողովրդավարությունն է:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի անդամ է ԹԻՀԿ-ը, ապրիլի 17-ին դիտարկել է ՏԻՄ ընտրությունները 4 խոշոր համայնքներում՝ Հրազդանում, Թալինում, Բյուրեղավանում և Սպիտակում, և գրանցել է 34 ընտրախախտում: Գրանցված ընտրախախտումների թվում են ընտրակաշառքի բաժանումը, կողմնակի անձանց ներկայությունը, կուտակումները, ընտրողների խմբերի փոխադրումը և/կամ կուտակումները տեղամասից դուրս, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների խախտումը, աշխատանքների խոչընդոտումը և այլն:

Ընտրախախտումների վերաբերյալ կան տեսանյութեր ԹԻՀԿ կայքէջում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջիկ խմբից Դանիել Իոանիսյանի մասնակցությամբ քաղաքացին հայտարարել է, որ ընտրակաշառքի դեպքեր են եղել: Արմեն Գրիգորյանը հուսով է, որ հետաքննություն կլինի և կպարզվի, թե ինչու է նման բան կատարվել: Կա տեսահոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես են Աբովյանից բերված բարեգործական ավտոբուսները հայտնվել Հրազդանում: Թեպետ ասել են, թե հարսանիք են գնացել, կասկածի տեղիք է տվել այն հանգամանքը, երբ լրագրողի մոտենալուն պես՝ մարդիկ սկսել են փախչել: Մյուս դիտարկումն այն է, որ պաշտոնյաներ են հայտնվել ընտրարարածքների մոտ: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ կուտակումներ են ստեղծվել այդ պատճառով: Այս ընտրություններում մտահոգիչ էր այն փաստը, որ շատ քաղաքացիներ «տեսողության խնդիրներ ունեն» և երկրորդ մարդն էր մասնակցում, որ օգնի նրանց ընտրություն կատարել: Պետական պաշտոնի և այլ ռեսուրսների չարաշահումը ևս ընտրակեղծիքներ են: Օրինակ՝ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարը սոցիալական նպաստ է բաժանել բիզնեսմեններին: