Ս.թ. ապրիլի 21-ին «Մեդիա կենտրոնը» Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ Հրազդան քաղաքում՝ Երեխաների աջակցության հիմնադրամի գրասենյակում կազմակերպել է քննարկում «Հրազդանի քաղաքապետի ընտրություն. գնահատականներ և դիտարկումներ» թեմայով: Բանախոս Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի կարծիքով կարելի է փաստել, որ ընտրություններն անցել են ընտրակեղծիքների պայմաններում: Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունն ընտրությունները դիտարկել է 4 խոշոր համայնքներում՝ Հրազդանում, Թալինում, Բյուրեղավանում և Սպիտակում, և գրանցել է 34 ընտրախախտում և կա դրա մասին ինֆոգրաֆիկա:

Այն խնդիրները, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնվել են, շարունակում են մնալ օրակարգում: Ապրիլյան դեպքերից հետո որոշակի հույս կար հասարակության մոտ, թե իշխանությունը կգնա որոշակի փոփոխությունների և խախտումները մինիմալի կհասցվեն, սակայն քաղաքական կամք չի դրսևորվել: Ընտրակաշառք է բաժանվել, որը միանշանակ ազդել է արդյունքների վրա, և ընտրությունները չեն անցել թափանցիկ, ազատ, մրցակցային: Մտահոգիչ էր այն փաստը, որ շատ քաղաքացիներ «տեսողության խնդիրներ ունեին» և երկրորդ մարդն էր մասնակցում, որ օգնի նրանց ընտրություն կատարել: Հրազդանում հայտնվել են բարեգործական ավտոբուսներ: