Ապրիլի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում «Ընտրական օրենսգրքի «4+4+4» ձևաչափի ամփոփում. զարգացումներ նոր նախագծի շուրջ» թեմայով: Քննարկման բանախոս Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը: Ըստ Այվազյանի՝ իրենց բարձրացված խնդիրների և առաջարկների հիմնական մասը միտված են եղել ընտրախախտումները վերացնելուն և հանրային վստահությունը բարձրացնելուն, ինչին ամբողջական լուծում չի տրվել: Շատ կարևոր է պետության կողմից պատասխանատվությունը, որպեսզի ընդհանուր վստահության մթնոլորտ ստեղծվի, սակայն, պետությունը չի ստանձնել նման պատասխանատվություն: Հանրային վստահությունը չի բարձրացել, մնացել են նույն կասկածները:

Սոնա Այվազյանի կարծիքով՝ իշխանության ներկայացրած առաջարկները բավարար չէին: Թեև երկու զիջում է արվել՝ մատնահետքերով քվեարկումը և ընտրողների ցուցակների ոչ պաշտոնական փաստաթղթով տրամադրումը: Իշխանությունը ներկայացնում է, թե էլեկտրոնային համակարգի հիմնական նպատակը տարբեր ընտրական խախտումներին լուծում տալն է, բայց դա ընդամենը մեկ խնդիր է լուծում:

Մասնագետները պնդում են, թե էլեկտրոնային համակարգն ավելի ոչ թափանցիկ և ոչ տեսանելի է դարձնում գործընթացը և դրա համար այն չի կարող ավելի վստահելի լինել: Այդ պատճառով զուտ մատնահետքերի գաղափարը առանձին վերցրած ընդունելի չէ: Ընտրացուցակների այդ տվյալների՝ համարների տալն էլ զիջում չէ, որովհետև շատ լավ դիտորդները կարողանում են ունենալ այդ տվյալները:

Քննարկման մյուս բանախոսներն էին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: