«Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում «Գնահատական Հայաստանի ութ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններին» թեմայով, որի բանախոսներից էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Քննարկման բանախոսները դիտորդություն են իրականացրել ապրիլի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրություններնում: Նրանց կարծիքով ընտրություններնում գրանցվել են ընտրախախտումների տարբեր դրսևորումներ՝ ընտրակաշառք բաժանելուց ու ընտրատեղամասերում կուտակումներից մինչև վարչական ռեսուրսի գործադրում:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ընդհանուր առմամբ նախկին ընտրություններում արձանագրված խախտումներն այս ընտրություներում ևս տեղ են գտել, ինչը նշանակում է, որ հերթական անգամ հնարավոր չեղավ Հայաստանում անցկացնել թափանցիկ և օրինական ընտրություններ: Խոչընդոտներ են ստեղծվել, երբ դիտորդները փորձել են ստորագրված ցուցակներին ծանոթանալ, ահազանգեր են եղել ընտրակաշառքի մասին, ընտրատեղամասերում եղել են կուտակումներ:

Քննարկման մյուս բանախոսներն էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը: