Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը Սիվիլնեթի հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանություններն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, պատերազմից հետևություններ չեն արել և որևէ կամք չեն ցուցաբերել երկրում մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։

Մրցակցություն չկար իշխանության թեկնածուների համար: Ընտրակաշառքները մեծ դեր են խաղացել Հրազդանի ընտրություններում: ՏԻՄ ընտրություններում եղած ընտրախախտումներից է ուրիշի փոխարեն քվեարկելը, կարուսելը: Հնարավոր է, որ շրջիկ խմբեր են եղել ընտրատեղամասերում:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ սահմանին զիջում են դիրքեր, իսկ Հայաստանի ներսում իշխանության որևէ դիրք չեն փորձում զիջել: Ժողովրդի իշխանությունը հաստատելու բոլոր ճանապարհները փակում են, բայց իրենց ներքին որոշումներով ինչ որ մեկին քավության նոխազ դարձնելու հարցում պատրաստ են:

Քաղաքացու քվեի պաշտպանությունն էլ հայրենիքի պաշտպանության մի տարբերակ է: Ընդհանուր մթնոլորտ պետք է ստեղծվի հասարակ քաղաքացիների շրջանում, որ ընտրակաշառք վերցնողը դավաճանում է սահմանին կանգնած քաղաքացիներին: Մենք պետք է լծվենք այն գործին, որ սահմանը պաշտպանողների հետևում ևս պաշտպանված համակարգ լինի: