«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է 2016թ. ապրիլի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, որ վերահսկել են դիտոդական առաքելություն իրականցնող կազմակերպությունները՝ 114 դիտորդով: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 34 խախտում է գրանցել: Կրկին խախտվել է լրատվամիջոցների և դիտորդական առաքելություն իրականցնող կազմակերպությունների աշխատանքի իրավունքը: Նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ հերթական անգամ Հայաստանում հնարավոր չեղավ անցկացնել թափանցիկ և օրինական ընտրություններ:

«Խախտումների փունջը ցույց է տալիս, որ ընտրությունները չեն անցել թափանցիկ և օրենքի տառին համապատասխան: Ապրիլյան դեպքերը ցույց են տվել, որ մենք խնդիրներ ունենք, որ այդ խնդիրները պետք է լուծել: Մտածում ենք, որ հնարավոր է իշխանությունը որոշակի դասեր է քաղել՝ մտածելով, որ կարելի է գնալ ինչ-որ բարեփոխումների գոնե այդ ոլորտում: Բայց սա ցույց տվեց, որ ոչ․ իրենք փորձում են շարունակել նույն պրակտիկան, աշխատել նույն ոճով», - նշել է Արմեն Գրիգորյանը: Առավել մեծ թվով ահազանգեր, ըստ Գրիգորյանի, արձանագրվել են Թալինում: «Բազմաթիվ քայլեր ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իշխանությունը բարեփոխումների գնալու և ընտրական համակարգը փոփոխելու կամք չի դրսևորում»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ ու Հելսինկյանի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ները «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությամբ միասնական դիտորդական առաքելություն են իրականացրել երեք մարզերում՝ Արագածոտնում, Լոռիում և Կոտայքում: Նրանք հայտարարում են, որ առավել հաճախ արձանագրված խախտումները վերաբերում են ընտրատեղամասում կողմնակի (չլիազորված, վկայական չունեցող) անձանց ներկայությանը և ընտրացուցակների անճշտություններին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծել է, որ այս ընտրություններում խախտումների մեծ մասը տեղի է ունեցել ընտրատեղամասերից դուրս․ ներսում հնարավոր է եղել կանխել դրանց մի մասը: «Մենք պետք է կարողանանք ավելի լավ մեխանիզմներ մշակել ընտրակաշառքների կանխման և ընտրակաշառքների ազդեցության նվազեցման ուղղությամբ, քանի որ երեկ մենք ականատես եղանք, որ ուղղակի համատարած բաժանված ընտրակաշռքը վերջում բերեց այն արդյունքին, որը մենք տեսանք: Անգամ ընտրակաշառքի վերաբերյալ փաստերի հավաքագրումը քիչ է, որովհետև դու կարող ես հավաքագրել մեկ, հինգ, տասը, թեկուզ հարյուր ապացույց ընտրակաշառքի վերաբերյալ, բայց ընտրական հանձնաժողովները կարող են ասել, որ այդ հարյուրը չի ազդել ընդհանուր պատկերի վրա», - ասաց Իոաննիսյանը:

Տես «Ազատություն» ռադիոկայանի նյութը: