Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գրավոր դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և ուսումնասիրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը: Ս.թ. ապրիլի 18-ին ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ, ում կարծիքով, եթե Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն անգամ վարույթ հարուցեր Միհրան Պողոսյանի անվանն առնչվող հաղորդումների հիման վրա, դժվար թե դա դառնար ԴԱՀԿԾ ադեն նախկին պետի հրաժարականի հիմնական պատճառը:

«Ինձ թվում է, էստեղ ավելի լուրջ, խորքային պատճառներ կան: Ապրիլյան կարճատև պատերազմից հետո հասարակության մեջ բավական փոխվեցին տրամադրությունները: Վերջին երկու տարիներին մեզ համոզում էին, որ պատերազմը չի վերսկսվի, և կարելի է հանգիստ ապրել, այսիքն՝ նաև հանգիստ թալանել: Հիմա դա հնարավոր չի, ու եթե երկիրը ներսից չուժեղանա, այս բացասական երևույթները չհաղթահարվեն, բնականաբար, մենք էս պայքարից հաղթող դուրս չենք գա:

Այս հրաժարականը ես չեմ դիտում, որպես քայլ, որը կբերի իրավիճակի առողջացմանը, սա առայժմ լռեցնելու, հասարակությանն ինչ-որ ձևով հանգստացնելու համար է: Եվ երկորդը՝ ինձ թվում է՝ էն, ինչը հայտնաբերվեց, դա թաքցնելը գործնականում անհնար էր, որովհետև էդ օֆշորային ընկերությունները հենց իր անունով են գրանցված եղել, ոչ թե ուրիշի: Սա, բնականաբար, վերևների որոշումն է, որն ինքը ըմբռնումով ընդունեց»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հոկտանյանը: