Շուրջ 8 տարի ԴԱՀԿԾ ղեկավարած Միհրան Պողոսյանի հրաժարականը բավականին անսպասելի էր և ցնցող: Հրաժարականի շուրջ «168 ժամը» զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ: Ըստ Տիգրանյանի՝ եթե մեկ անգամ նրա համբավը կասկածի տակ է դրվում որպես օրինավոր պաշտոնյա, անձը պետք է հրաժարական տա՝ առանց երկմտելու և առանց հանրությունից սպասելու, որ նա ներքևից ճնշի, կամ այնքան լինի այդ հանդուրժող վերաբերմունքը՝ և´ ԶԼՄ-ների, և´ հանրության կողմից, որ ստիպված այդ քայլին գնա:

«Չեմ կարծում, թե Միհրան Պողոսյանն ինքնակամ է որոշել, որ պետք է գնա: Եվ, ընդհանրապես, նա հաջողակ գործարար է, թող իր բիզնեսի հաջողություններին հասնի, բայց ոչ պետական ապարատով: Պետական ապարատն ի վերջո պետական ծառայության համար է: Եթե որևէ անգամ շահերի բախման մասին կասկած է առաջանում, իսկ հանրությունն իրավունք ունի կասկածելու, նա պետք է հրաժարական տար: Բայց եթե ինքը կամավոր հրաժարական տար, ինչպես արեց Իսլանդիայի վարչապետը, դա կաներ վաղուց, այսինքն՝ ճնշումներ եղել են: Կուսակցապետական երկիր ենք, և եթե կուսակցությունն է որոշում՝ ով է տեղում, ով ոչ, երևի այս անգամ որոշեցին, որ շատ է նրա մասին խոսվում, հանկարծ հանրապետականի վրա մի բիծ չլինի: Շատ նախանձախնդիր են իրենց անբասիր հեղինակության համար», - եզրակացնում է Հերիքնազ Տիգրանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Հետքը» հրապարակել է հոդված, որտեղ բացահայտել էր ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ շվեյցարական բանկերում ունեցած հաշիվները: Ս.թ. ապրիլի 8-ին ԹԻՀԿ-ը գրավոր դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և ուսումնասիրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը:
«Հետքի» հրապարակման հիման վրա Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը նյութեր էր նախապատրաստում օֆշորային սկանդալի վերաբերյալ:

Տես հարցազրույցը «168 ժամի» հրապարակումում: