Եթե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի դեմ ներկայացված դիմումի հիման վրա պաշտոնեական դիրքի չարաշահման դեպք հայտնաբերի, կարող է դիմել Գլխավոր դատախազություն: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Եթե դիմումն ընդունվի, հանձնաժողովն ունի 30-օրյա ժամկետ՝ վարույթ իրականացնելու համար: Տիգրանյանը կարծում է, որ հանձնաժողովն իրենց դիմումը մերժելու հիմքեր չունի, այլ հարց է, թե վարույթի ընթացքում ինչ կբացահայտվի:

ԹԻՀԿ-ը գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ դիմումը ապրիլի 8-ին ուղարկել է հանձնաժողով՝ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման հիման վրա: Ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը օֆշորային գոտիներում ընկերություններ է բացել, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները: Այս դիմումում մասնավորապես նշվում է, որ Միհրան Պողոսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրում որևէ գրառում առկա չէ նշված ընկերություններում նրա ունեցած բաժնեմասերի վերաբերյալ, իսկ նրա հայտարարագրած դրամական միջոցները շատ համեստ են:

ԹԻՀԿ-ը մի քանի հարցադրումներ է արել՝ ելնելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի օրենսդրական լիազորություններից: Եթե իրենք կուսումնասիրեն հրապարակման մեջ եղած փաստերը և գտնեն, որ այստեղ կա պաշտոնի չարաշահման որոշակի դեպք ու հանցագործության հատկանիշներ, իրավունք ունեն այդ նյութերն ուղարկելու Գլխավոր դատախազություն:

Մյուս պահանջն այն է, որ հանձնաժողովում պետք է համադրեն հրապարակման մեջ եղած տեղեկությունների և Միհրան Պողոսյանի ներկայացրած հայտարարագրի համապատասխանությունը: Եթե որևէ անօրինականություն բացահայտեն, հանձնաժողովը որևէ պատժամիջոց կիրառելու իրավունք չունի, բայց Պողոսյանի վերադասին կամ նրան այդ պաշտոնում նշանակած անձին դիմելու իրավունք ունի: Իսկ այդ եզրակացությունը կարող է հրապարկվել, որպեսզի հանրությունն էլ տեղեկանա:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ այս գործը կարող է լակմուսի թուղթ դառնալ, թե որքանով են իշխանություններն իրականում ուզում պայքարել կոռուպցիայի դեմ: Սակայն նա չի կարծում, թե իշխանությունները Միհրան Պողոսյանին քավության նոխազ կդարձնեն: «Եթե խնդիրն այն է, որ շատ հարմար պահ է ինչ-որ մեկին քավության նախազ դարձնելու, մի քիչ Միհրան Պողոսյանի մասով կասկածում եմ, որովհետև շատ խոշոր ձուկ է: Եթե նա պաշտոնը որևէ կերպ օգտագործել է այդ իրավունքները ձեռք բերելու համար, այստեղ մենք գործ ունենք ոչ միայն շահերի բախման հասկացության հետ, այլ նաև պաշտոնեական հանցագործության հետ: Խնդիրն այն է, թե որքան խորամուխ կլինեն այդ փաստերի մեջ», ասաց Տիգրանյանը:

Տես lragir.am-ի նյութը: