«Առաջին լրատվականը» հարցադրում է՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է պայքարի կոռուպցիայի դեմ հայաստանյան իրականությունում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանի հետ հարցազրույցում վերջինիս կարծիքով՝ արցախյան քառօրյա պատերազմի հետևանքով ի հայտ եկան մի շարք երևույթներ, և հասարակությունը գիտակցեց, որ այս ամեն ինչը հետևանք է ոչ միայն արտաքին քաղաքականության բացթողումների, ներքին կառավարման խնդիրների, այլև կոռուպցիայի: «Ադրբեջանը մի քանի միլիարդանոց գործարքներ է կնքում Ռուսաստանի հետ և ստանում է գերժամանակակից զենքեր, իսկ մենք ընդամենը մուրում ենք Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկ, որի դիմաց կարող ենք ստանալ 80-ական կամ նույնիսկ 90-ական թթ., բնականաբար, ավելի քիչ քանակությամբ զենք»:

Արշամյանն ընդգծում է, որ առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրը: Չի կարող միլիոնատեր գեներալի կողքին կռվել ունեզուրկ զինվորը, սոցիալական արդարությունը մեր երկրում կորցրել են: Այնպես դուրս եկավ, որ սեփականության իրավունքը գերիշխում է կյանքի նկատմամբ իրավունքին: Հասարակությունը պետք է ի վերջո գիտակցի, որ կյանքի իրավունքը բարձրագույն իրավունքն է: Ցանկացած զինվորի կյանք չարժի նույնիսկ ամենամեծ դղյակի կամ որևէ մեկի միլիոնները, որոնք գտնվում են օֆշորներում:

Թերևս պայքարի տարբերակներից Արշամյանն առանձնացնում է ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանությունների ձևավորումը, իսկ հասարակությանն ուղղորդելու դժվարին բեռն այսօր կատարում է միայն մեդիան»: