«Ազատություն» ռադիոկայանը հետամուտ է «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի ս.թ. ապրիլի 4-ի համարում հրապարակած «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեցարական բանկերում» հոդվածի առնչությամբ ձեռք առնված միջոցներին: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարի վերաբերյալ հրապարակման առնչությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով վարույթ հարուցել: «Ազատություն» ռադիոկայանին հանձնաժողովից տեղեկացրել են, որ դիմումն ուսումնասիրում են և դեռ վարույթ չեն հարուցել: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով, սակայն, Բաղրամյան 26-ում գործող Էթիկայի հանձնաժողովը պատժիչ գործառույթներ չունի, և առավել կարևոր է հենց իրավապահ մարմինների աշխատանքը:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել են, որ դատախազության հանձնարարականով իրենք սկսել են ուսումնասիրել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի՝ Պանամյան օֆշորային բիզնեսների վերաբերյալ «Հետք» կայքի հրապարակած տվյալները:

ԹԻՀԿ գործադիր տնօրենի կարծիքով, բացի ոստիկանությունից այս հրապարակումը պետք է ուսումնասիրեն նաև հարկային ու ազգային անվտանգության ծառայությունները նախ՝ պարզելու նրա առնչված լինելը որքանով է ճիշտ, որքանով հարկերից խուսափում է եղել: Միևնույն ժամանակ կա նաև ազգային անվտանգության խնդիր․ այսինքն, որքանով այդ ամենը կապված է նաև մեր երկրի անվտանգության հետ:

«Սա կլինի այն լակմուսի թուղթը, որը ցույց կտա, թե կոռուպցիան սանձելու իշխանությունների ցանկությունը որքանով է լուրջ։ Վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում ցույց են տալիս, որ մենք իսկապես պետք է շատ ավելի ցածր մակարդակի կոռուպցիա ունեցող երկիր ունենանք: Որովհետև միայն այդպես մենք կարող ենք այս տարածաշրջանում գոյատևել», - ասաց Վարուժան Հոկտանյանը:

Տես «Ազատության» ռեպորտաժը: