«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի ս.թ. ապրիլի 4-ի համարում հրապարակած «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեցարական բանկերում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ, որն անդրադառնում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի՝ օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես վարելուն, իր պաշտոնը սեփական բիզնեսի զարգացման համար օգտագործելուն և եկամուտները թաքցնելուն: ԹԻՀԿ-ը պատրաստվում է դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ուսումնասիրելու «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը:

«Օրենքով հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել նաև սեփական նախաձեռնությամբ», - «Ազատության» հետ զրույցում պնդել է Հերիքնազ Տիգրանյանը։ - «Եթե Էթիկային հանձնաժողովին խանգարող միակ հանգամանքը դիմումի բացակայությունն է, ցանկացած մեկը, կարող է լինի մեր կազմակերպությունը, պատրաստ է այդ դիմումը ներկայացնելու, որպեսզի այդ գործը առանց քննության չմնա»: Ըստ Տիգրանյանի՝ հանձնաժողովի գործունեության 4 տարիների ընթացքում գոնե իրենց կողմից դիմումների պակաս չի եղել․ - «Շահերի բախման, կամ ավելի խորքային․․․ օրինակ, հայտարարագրերի հավաստիության հետ կապված, երբ որ խնդրել ենք ուսումնասիրություններ կատարել, որևէ անգամ անհամապատասխանություն հանձնաժողովը չի գտել»:

Հերիքնազ Տիգրանյանը դժվարացավ ասել, թե վարույթ հարուցելու դեպքում ինչ եզրահանգման կգա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը․ - «Առաջին անգամը չէ, որ ԴԱՀԿ պետի հետ կապված հրապարակումներ են եղել մամուլում, առաջին անգամը չէ, որ նշվում է նրա հայտարարագրերի և իրական ունեցվածքի անհամապատասխանությունը, բայց չեմ կարծում, թե դրանից Միհրան Պողոսյանը իր աշխատանքային և բիզնես բուռն գործունեությունը․․․ վարանել է մի պահ, մտածել է մի պահ այնպես անել, գոհացնել հանրությանը: Սա ակնհայտ տոտալ արհամարհանք է հանրության կարծիքի նկատմամբ»:

Տես «Ազատություն» ռադիոկայանի նյութն ամբողջությամբ: