Ալկոտեստերների ձեռքբերումից հետո հարբած վարորդների թիվն ավելացել է: Վերջերս Aravot.am-ն անդրադարձել էր ՀՀ ոստիկանության կողմից 2015 թ. ձեռք բերված թանկարժեք ալկոտեստերներին՝ արտաշնչած օդի նմուշում ալկոհոլի խտությունը չափող սարքերին: Ոստիկանությունը գնման պայմանագիր է կնքել 2015 թ. ստեղծված «Լեգիոն-9» ՍՊԸ-ի հետ և ձեռք է բերել 45 հատ ալկոտեստեր, յուրաքանչյուրի համար վճարելով՝ պետգնումներով 1մլն. 98 հազ. դր.: Այդ գնումները բացահայտել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), որի մասնագետները մտահոգություն էին հայտնել, որ պետական փողերի անարդյունավետ ծախս է եղել:

Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում էր ներկայացրել Aravot.am-ին : Aravot.am-ը փորձել է պարզել, թե նման թանկարժեք, պրոֆեսիոնալ սարքերը որքանո՞վ են նպաստել հարբած վարորդների թվի կրճատմանը և արդյոք ճանապարահային ոստիկաններին թանկարժեք սարքով ապահովելն ավելի շատ զգոնություն է հաղորդում վարորդներին, որպեսզի հարբած չնստեն ղեկին: Ոստիկանությունը ալկոտեստերներ է գնել նաև 2014 թ.: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից, 2013 թ. մեքենաների ոչ սթափ վիճակում վարելու համար 2745 վարչական արձանագրութուն է կազմվել, 2014-ին՝ 3466, 2015 ին՝ 6418, 2016-ին՝ 926:

Ինչպես ցույց են տալիս պաշտոնական թվերը, հարբած վարորդների թիվը չի նվազել, կրկնակի աճել է: Առաջին անգամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար խմածության 0,2-ից մինչև 0,5 աստիճանի դեպքում վարչական տուգանքը 150 հազար դրամ է, 0,5 աստիճանի առաջին խմածությունը ղեկին արձանագրելու դեպքում՝ 200 հազար դրամ է, իսկ երբ նույն վարորդի մոտ 2-րդ անգամ է արձանագրվում ոչ սթափ վիճակ՝ մեկ տարով զրկվում է վարորդական իրավունքից:

Տես Aravot.am-ը: