Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) անդամներ և գործընկերներ ներկայացնող 11 դիտորդներ ս.թ. սեպտեմբերի 7-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Երևան քաղաքի Արաբկիր համայնքի 5 տեղամասերում հանդես են եկել դիտորդական առաքելությամբ: Դա ԹԻՀԿ-ի, որպես կազմակերպություն, դիտորդական առաքելություն իրականացնելու առաջին փորձն էր, թեև կազմակերպության առանձին ներկայացուցչներ դիտորդի կարգավիճակում հանդես են եկել թե' Հայաստանում, և թե' արտերկրում:

ԹԻՀԿ դիտորդները մի շարք տեղամասերի մոտակայքում գրանցել են մարդկային կուտակումներ, իսկ 4/39 տեղամասում արձանագրել են քվեարկության գործընթացի դադարեցում քառորդ ժամով, որի պատճառը տեղամասում ծագած լարված մթնոլորտն էր: Դիտորդներն արձանագրել են ուրիշի փոխարեն քվեարկության դեպք նշված տեղամասում, քվեարկելու դժվարություն ունեցող ընտրողին օգնելու` կատարված նույն անձի կողմից, մի քանի դեպք:

Բազմաթիվ են եղել կնիք դնող հանձնաժողովականի` արդեն քվեարկված քվեաթերթիկով ծրարներն իր ձեռքով վերցնելու, այն կնքելու նպատակով, և դրանք քվեատուփի մեջ գցելու դեպքերը: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ազգանունները և քվեարկված քվեաթերթիկի նմուշը բացակայել են մի շարք տեղամասերում քվեարկությունը սկսելու պահին և դրանից 1-1,5 ժամ անց:

ԹԻՀԿ դիտորդներն արձանագրել են նաև տեղամասային հանձնաժողովների անդամների, չհաշված վստահված անձանց, երկարատև և բազմաթիվ հեռախոսազրույցները, ինչը օրենքի ուղղակի խախտում չի հանդիսանում, սակայն առանձին թեկնածուների տալիս է տեղամասում իրենց հարմար որոշակի մթնոլորտ ձևավորելու հնարավորություն: