Ս. թ. սեպտեմբերի 3-ին Ուրբաթ ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք ՀԿ-ներ և անկախ փորձագետներ իրենց դժգոհությունը հայտնեցին ՀՀ իշխանությունների կողմից ներկայումս վարվող բնապահպանական քաղաքականության ու դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ: Բանախոսները մասնավորապես անդրադարձան Երևանի Նուբարաշենի աղբի վերամշակման ծրագրի իրականացման խոչընդոտներին և Սևանա լճից կատարվող չհիմնավորված բացթողումներին, Թեղուտի անտառների վերացմանն ու Երևանում զանազան օբյեկտներ կառուցելու համար պարբերաբար կատարվող ծառահատումներին:

Ասուլիսին մասնակցեցին հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի էկոլոգիական և էթնո-մշակութային տուրիզմի ամբիոնի ավագ դասախոս Գագիկ Սուխուդյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական քարտուղար Էվելինա Ղուկասյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Բնապահպանների գնահատմամբ այսօր ՀՀ սահմանադրությամբ չի ապահովվում շրջակա միջավայրի վերականգնումը և պահպանությունը ՀՀ պետական կառույցների կողմից, սկսած ՀՀ ԱԺ-ից, որը անօրինական որոշումներ է ընդունում, ազատ ու անկախ չլինելով` դակիչի դեր է կատարում: Կոալիցիոն ուժերի մոտեցումը, որոնք քվեարկում են միաձայն, անսկզբունքայնությունը, որը դրսևորում է ՀՅԴ-ն մի բան ասելով և այլ կերպ գործելով ցույց է տալիս, որ նրանք ելնում են իրենց կամ իրենց կողմնակիցների նեղ խմբակային շահերից: ՀՀ բնապահպանության նախարարությունը նույնպես իր ֆունկցիաները լիարժեք չի կատարում կամ գոնե արդյունքները տեսանելի չեն, և ավելին, հավանություն է տալիս վերջին շրջանում մասնավորապես շրջակա միջավայրին վնաս հասցնող բազմաթիվ նախագծերի: