Ս.թ. օգոստոսի 19-ից 21-ը բնապահպանական վտանգ սպառնացող խնդիրներով մտահոգ քաղաքացիական հասարակության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչև 360 մլն. խոր. մետր: Կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել և ի վերջո ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Կառավարության տեսակետի համաձայն միջոցառումը նպատակ ունի պաշտպանվել երաշտից: Բնապահպանները պնդում են, որ կառավարությունը պարզապես ցանկանում է փրկել Սևանի ափին տեղակայված մի խումբ օլիգարխների անօրինական կառույցները ջրասույզ լինելուց: ԹԻԱԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով, դա պատճառներից մեկն է, մեկ այլ պատճառ էլ կարող է լինել անօրինական ջրօգտագործումը: Բնապահպանների մտահոգությունները հուզում էին նաև ընդդիմադիր պատգամավորներին և կառավարող ՀՅԴ խմբակցության անդամներին, որոնք սակայն կողմ քվեարկեցին օրինագծին: