Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրությունների ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը Սիվիլնեթի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումը ընտրակեղծիքների հնարավորությունը կարող է մինչև 70 տոկոսով նվազեցնել: Այն օրակարգային խնդիր է և միջազգային հանրության պահանջը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցում խորհուրդ է տրվում, որ ընտրացուցակները հրապարակվեն: Սակայն, իշխանությունը միշտ փորձում է հղում կատարել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը, որը հիմնված է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վրա և չի համապատասխանում մեր քաղաքական կոնտեքստին: Մինչդեռ՝ Սահմանադրական դատարանի որոշումը եղել է հետևյալը՝ ցուցակները չհրապարակելը չի հակասում սահմանադրությանը: Այնտեղ խոսք չի եղել հրապարակելու մասին:

Հանրության վստահությունը վերականգնելու համար ամենակարևոր գործիքը ցուցակների հրապարակումն է՝ընտրակեղծիքների մեծամասնությունը կապված է ընտրացուցակների գաղտնի լինելու հետ: Իշխանությունը օգտագործում է ցուցակների գաղտնիությունը և կարողանում է մեծ ծավալի ձայն բերել (կարծիք կա, որ մինչև 500 հազար կեղծված ձայն կարող են ունենալ ընտրությունների արդյունքում): Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ցուցակների հրապարակումը հանրային կարծիք ձևավորելու, ազդեցություն ունենալու գործիքներից մեկն է, որով կարելի է հանրային ճնշում գործադրել: Ուստի, change.org կայքում բացված ֆեյսբուքյան նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել ստորագրահավաքի, որպեսզի ընտրական նոր օրենսգրքում ընդգրկված լինի ստորագրած ցուցակները պարտադիր հրապարակելու հնարավորություն տվող դրույթ: Ցանկացած քաղաքացի կարող է միանալ դրան և իր խոսքն ասել: Ամեն դեպքում, 20 հազար ստորագրած քաղաքացի ունենալն իրավիճակ է փոխում:

ԹԻՀԿ-ը աշխատում է, որ դիտորդական առաքելությունն ավելի մեծացնի՝ պլանավորելով, որ բոլոր ընտրատեղամասերում վերահսկողություն ունենա 2017 թ. ընտրությունների ժամանակ: ԹԻՀԿ-ը մեծ առաքելությամբ կմասնակցի նաև 2016 թ. ՏԻՄ ընտրություններին, որի մեծ մասը տեղի է ունենալու 2016 թ. սեպտեմբերին: Այն ևս մեկ թեսթ է 2017-ին նախապատրաստվելու համար:

Ընտրական օրենսգրքի քննարկումը հանրային օրակարգային հարց է դարձել: Դա նաև պայմանավորված է այն փորձով, որ քաղաքացիական հասարակությունն ունեցավ 2015 թ. սահմանադրական հանրաքվեի վերահսկման ընթացքում: Դիտորդական առաքելության ամենամեծ ազդեցությունն այն էր, որ 500 ընտրատեղամասում, որ վերահսկվել են, «Ոչ»-ի հաղթանակը զգալի թիվ է կազմել: Այս ցուցանիշը ակնհայտորեն ցույց է տալիս վերահսկողության արդյունքը: Նույնիսկ այն համայնքներում, ուր 2 ընտրատեղամաս կա, և մի տեղամասում «Քաղաքացի դիտորդն» (որի մաս է կազմում ԹԻՀԿ-ը) ունեցել է դիտորդ, մյուսում՝ ոչ, առնվազն 25% տարբերություն է տվել:

Քաղաքացիական հասարակության մակարդակում Հայաստանում փոփոխություններ են կատարվել: Նաև քաղաքացիական հասարակության ու կուսակցությունների համագործակցությունը տվել է որոշակի արդյունքներ: 2015 թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեն իշխանություններին ցույց է տվել, որ ԶԼՄ-ների և դիտորդների համատեղ աշխատանքը մեծ դժվարություն է իրենց համար ստեղծում: Դրա համար նոր ընտրական օրենսգրքում սահմանափակում են դրել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների համար: Քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ընդհանուր պահանջն է նաև, որ ցուցակները մաքրվեն և ընտրատեղմասում տեսախցիկներ լինեն քվեարակության օրը ընտրատեղամասի առցանց տեսանկարահանման համար, որը և՛ կապահովի հանրային վերահսկողություն և՛ անվտանգություն: