ԱՄՆ ՄԶԳ-ն 750 000 դոլար է տրամադրել ՀՀ կառավարությանը ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը օժանդակելու նպատակով: Կառավարության մարտի 17-ի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ գումարն ուղղվելու է նաև անկախ փորձագետների բազա ստեղծելուն, մասնագետներ պատրաստելուն: Nyut.am լրատվական-վերլուծական գործակալությունը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ: Որքանով ունենք այդ մասնագետների կարիքը հարցին Հոկտանյանը պատասխանել է, որ տեսականորեն, իհարկե, ունենք: Հայաստանի համար նման մասնագետներ չունենալը խնդիր է: Բայց գոյություն ունի մեկ այլ` ավելի լուրջ խնդիր. կոռուպցիայի դեմ պետք է լինի լուրջ պայքար, որն էլ կծնի այդ մասնագետների պահանջարկը: Ինչ-որ առումով այդ մասնագետների պակասի պատճառն այն է, որ առ այսօր այդ պահանջարկը չի եղել:

Ըստ Դավիթ Հարությունյանի` այդ գումարն ուղղվելու է նաև ուղևորությունների, դրսից մասնագետներ հրավիրելու վրա: Վարուժան Հոկտանյանը գտնում է, որ աշխարհում հակակոռուպցիոն հաջող պայքարի օրինակներ կան: Ու եթե քաղաքական կամք լինի, այլ երկրների փորձը ուսումնասիրելու հարցում, կլինի լուրջ մոտեցում: Փորձագետների հետ կապված ուղևորությունները մեր մասնագետների համար կլինեն ոչ թե էքսկուրսիա, իսկ օտարերկրյա մասնագետների համար` մեր տեսարժան վայրերը դիտելու առիթ, այլ լուրջ աշխատանք: Տեսականորեն դրա կարիքը, անկասկած, կա: Եթե այդ ամենը իմիտացիա չլինի, ծախսերն արդարացված կլինեն: Եթե իմիտացիա լինի, կլինի տուրիստական շրջագայություն պետբյուջեի հաշվին: Մի քիչ դժվար է տեսնել կոռուպցիայի դեմ պայքարելու կամքը: Պետք է շատ ավելի լուրջ քայլեր արվեն, որպեսզի կարողանամ ասել` կամք կա: Թեպետ ասել, որ այդ կամքը բացարձակ զրո է, ճիշտ չի լինի: Բայց դե ավելի մոտ է զրոյի, քան ամբողջական թվի:

Տես Nyut.am-ը: