Ս.թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակվող «Տեսակետների խաչմերուկ» ծրագրի հյուրերն էին ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Աննա Իսրայելյանի վարած հաղորդումն անդրադարձել է վերջին ամիսների ընթացքում կոռուպցիայի դեմ ՀՀ իշխանությունների ծավալած պայքարին, որն ուղեկցվել է միջին կամ ստորին օղակի չինովնիկի, իրավապահի ձերբակալմամբ` փորձելով պարզել, թե արդյոք դա կոռուպցիայի դեմ իրական պայքարի սկիզբ է, թե՞ հմուտ PR ակցիա:

Հաղորդման հյուրերն իրենց տեսակետներն են հայտնել այն հարցի շուրջ, թե արդարացվա՞ծ է արդյոք, որ ձերբակալություններն ու քրեական գործերի հարուցումը հիմնականում առնչվում են ոստիկանության, դատախազության, կադաստրի, բուհական համակարգի և այլ ոլորտների մանր ու միջին պաշտոնյաներին:

Ամալյա Կոստանյանի կարծիքով միջազգային փորձը ցույց է տալիս, որ պատժելը, կանխարգելելը և դաստիարակելը սերտորեն փոխկապակցված են: Հասարակական աջակցությունը վայելելու համար իշխանությունները պետք է արձանագրեն, որ կոռուպցիան իրենց էլ է վերաբերում: Եթե խոշոր ծավալի կոռուպցիան շարունակ անպատիժ մնա, բարեփոխումների խնդրում կառավարությունը շատ արդյունավետ չի լինի: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ոչ թե պլանավորված և ցուցադրական, այլ համակարգային լինի: Եթե չկա արդարադատություն` քաղաքացուց պահանջել, որ պաշտպանի իր շահերը շատ դժվար կլինի: