Ա1+. Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի՝ այն, որ սահմանադրության պահանջ էր մինչև 2016 թ. հունիսի 1-ն ունենալ նոր ընտրական օրենսգիրք, որի նախագծի վրա աշխատում էր աշխատանքային խումբը, բոլորը գիտեին: Սակայն ո՛չ խմբի աշխատանքների և ո՛չ էլ նախագծային որևէ տարբերակի մասին հանրությունը տեղեկություն չուներ: Քաղաքացիական հասարակության ինստիտուտները բազմիցս քննարկումներ են կազմակերպել՝ ուշադրություն հրավիրելու ընտրական օրենսգրքով բարելավման ենթակա խնդիրների վրա և հույս ունեին, որ այդ քննարկումներին կմասնակցեին նաև Ազգային ժողովում հատկապես իշխող կուսակցության խմբակցության ներկայացուցիչները, որպեսզի գոնե իրազեկեն, թե ինչ փուլում է գտնվում մշակման աշխատանքները:

Բայց փետրվարի 29-ին կայացած վերջին քննարկմանը դեռևս տեղեկատվություն չկար: Ուստի ԹԻՀԿ-ը հայտարարություն է տարածել այն առանցքային հարցերի շուրջ, որոնք կուզենար արտացոլված տեսնել օրենսգրքի նախագծում: Օրենսգրքի հետ բոլոր մտահոգությունները մնացել են առկախված և արտացոլում չեն գտել: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ ՀԿ-ների կամ հանրության ձայնը լսելի չէ իշխանությունների համար: «Կարծես ապրում ենք տարբեր աշխարհներում, տարբեր հարթության մեջ, մեր ասելիքն ասում ենք, բայց այն տեղ չի հասնում, որովհետև ցանկությունը բացակայում է: Արվում է այն, ինչը նպատակահարմար են գտնում»:

Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի մի քանի դրույթների, որոնք ընդունելի չեն ԹԻՀԿ-ի համար: Այս նախագիծը չի ապահովում հանրային հսկողություն որպես ժողովրդավարության պահանջ, ինչպես նաև ավելի թափանցիկ, բաց ու արժանահավատ ընտրություններ, որովհետև խիստ կրճատվել են դիտորդական առաքելությունների լիազորությունները, անգամ դիտորդ լինելու մեխանիզմն է բարդացվել՝ տեղական ՀԿ-ների վրա տարածվելով միջազգային կազմակերպություններին առնչվող դրույթները: Դիտորդները տեղամասում ունեն խիստ սահմանափակ հնարավորություն, նախագծով կարող են անգամ դիտորդին դուրս հանել տեղամասից: Որպես դիտորդ հավատարմագրված անաչառ, սկզբունքային, ընտրական գործընթացներով հետաքրքրված ՀԿ-ները կամ դիտորդական առաքելությունները հնարավոր է դուրս թողնվեն, որովհետև կարող են բոլոր ընտրատեղամասերը ծածկվել գրպանային ՀԿ-ներով:

Նաև ՀՀ-ում հավատարմագրված ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները զրկվել են դիտորդական առաքելության իրավունքից:

Այդուհանդերձ, ՔՀԿ-ները պետք է շարունակեն իրենց դիտարկումները և պնդել պահանջները, որ դրանք ընդունվեն ընտրական օրենսգրքում: