Կենտրոն հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդումը ուշադրություն է հրավիրում ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի Հայաստանի վերաբերյալ զեկույցի վրա, որում Եվրոպացի փորձագետներն ուսումնասիրել են կոռուպցիոն ռիսկերը ՀՀ Ազգային ժողովում, դատարաններում ու դատախազությունում: Զեկույցում մտահոգություն է հայտնվում Նախագահի ու իշխող կուսակցության գերիշխող դիրքի, իշխանության գերկենտրոնացվածության, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների և օրենքը ընտրողաբար կիրառելու վերաբերյալ: Ըստ հաղորդման հյուր տնտեսագետ Արտակ Մանուկյանի՝ ԳՐԵԿՈ-ի զեկույցը նշում է, որ արդյունավետ պայքարի համար պետք է ապահովել իրավակիրարկումը: Ներկա փուլը հաղթահարելու համար պետք է որակական առաջընթաց:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ երկրորդ սերնդի բարեփոխումները ենթադրում են ինստիտուտների արդյունավետությունը, կարևորելով ոչ միայն օրենքը, այլ թե ինչպես է այն կիրառվում: Դրա համար պետք է լինի չափելիություն և պետք է ամրագրել թիրախ ու հետևել, որ չափորոշիչները կատարվեն, որ համակարգային գնահատականներ տրվեն: Եթե չկա թիրախ, ցուցանիշ, չկա պատասխանատվություն, ամեն ինչը կարելի է լղոզել: Հանրային ծառայությունները էլեկտրոնային դարձնելը առաջարկի տարրն է: Դրանով առաջարկվում են ծառայություներ, բայց կարևոր է նաև դրանից բխող հետևանքները: Խաղի կանոնները խախտվելու դեպքում պետք է լինի պատժելիություն: Կան շահերի բախումից սկսած մինչև պաշտոնական դիրքի չարաշահման, պետական միջոցների ունեցվածքի հափշտակման և վատնման դեպքեր, որոնք չեն պատժվում:

Կոռուպցիան ազդում է երկրի հեռանկարների և զարգացման ուղղությունների վրա հետևյալ 3 ուղղություններով՝ պետական ֆինանսների վրա (օրինակ՝ կոռումպացված են պետական գնումները), բիզնես հատվածում ներդրումների վրա (որով տնտեսական աճը զոհաբերվում է ինչ-որ անհատների բարեկեցության համար), հասարակական բարեկեցության վրա (սոցիալական ծրագրեր են զոհաբերվում, աղքատությունն է ավելանում):

Կոռուպցիայից գոյացած եկամտին հակակշռող գործոն է բռնվելու հավանականությունը, և բռնվելու դեպքում՝ պատժաչափը: Եկամուտների միայն մեծությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Անհրաժեշտ և բավարար պայման է պատժելիությունը: Պատժելիությունը չպետք է լինի ընտրանքային: Բաժնի պետի մակարդակից չի բարձրանում նշաձողը: Այլապես կա կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա, բայց չկա քաղաքական կամք, որ պատժելիությունը ավելի բարձր մակարդակում լինի: Անհրաժեշտ է պատշաճ ներքին աուդիտ և վերահսկողություն իրականացնել: Կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ Մանուկյանը որոշ առաջարկներ է հնչեցրել:

Հաղորդմանը մասնակցել են նաև տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, որն անդրադարձել է կոռուպցիայի տնտեսական վնասներին, իրավապաշտպան Ավետիկ Իշխանյանը, որ անդրադարձել է կոռուպցիայի ազդեցությանը մարդու իրավունքների վրա, նախկին քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը, ով կոչ է արել հետևել Սինգապուրի օրինակին: