Հրապարակվել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծային տարբերակը, որով թերևս սահմանվելու են առաջիկա 10 տարիների քաղաքական հարաբերություններն ու ընտրական գործընթացները Հայաստանում: Այս ընտրական օրենսգիրքը ոչ միայն չի բարելավվել, այլ ադապտացվել է գործող ընտրական կեղծարարական մեխանիզմին, կան բազմաթիվ նորամուծություններ, որոնց մեխանիզմները հստակեցված չեն: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոնի նախագահ Արթուր Մինասյանը Սիվիլնեթի հետ զրուցել են նոր Ընտրական օրենսգրքի նախագծի բացերի մասին։

Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է այն ընթացակարգային խախտումներին, որ արտացոլված են ԹԻՀԿ հայտարարության մեջ, որոնցով ընտրական օրենսգիրքի նախագիծը հրապարակվել է: Քաղաքացիական հասարասակությունն անմասն է եղել փաստաթղթի մշակման գործընթացներից:

Ներմուծվել է ևս մեկ գաղտնի փաստաթուղթ: Ոչ միայն ընտրողների ստորագրված ցուցակներն են, որ չեն հրապարակվում, այլև քվեարկության կտրոնները, որ փաստացի ապացույցն է, թե քանի ընտրող է մասնակցել տվյալ քվեարկությանը:

Բացի այդ, այս նախագծում մեծ նահանջ կա դիտորդի վերահսկողության մեխանիզմների արդյունավետության առումով: Գործող օրենսգրքի համեմատ նախագծում շատ ավելի սահմանափակվել են դիտորդի իրավունքները: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության զեկույցն ընդգրկում է անարդյունավետ վերահսկման մեխանիզմները վերացնելուն ուղղված առաջարկներ: Բացի այն, որ այդ առաջարկները չեն լսվել, սահմանափակվել է անգամ դիտորդի կողմից դիտարկում անելու հնարավորությունը: Դիտորդն ընդամենը կարող է ընտրությունների համար պատասխնատու պաշտոնատար անձի ուշադրությունը հրավիրել քվեարկության խախտման մասին: