Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ՀԿ-ի առաջնահերթ խնդիրներից է երիտասարդության շրջանում հակակոռուպցիոն կրթությունը, ինչը քննարկվել է նաև ԹԻՀԿ ռազմավարության պլանավորման նիստի ընթացքում: Դրան են միտված ծրագրի մասնագետ/հետազոտող Տաթևիկ Բարսեղյանի հերթական դասընթացները Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների համար: Դասընթացն ուղեկցվել է գործնական աշխատանքով:

Ինտերակտիվ դասընթացը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում մասնակիցները իրազեկվել են կոռուպցիայի մասին, ծանոթացել դրա դրսևորումներին, պատճառներին և հետևանքներին, կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններին:

Երկրորդ մասում նրանց ներկայացվել է օրինավորության ազգային համակարգը (ՕԱՀ): Դասընթացի մասնակիցները տեղեկացվել են Հայաստանում տարվող հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, հակակոռուպցիոն ռազմավարություններին և հակակոռուպցիոն մարմիններին, առանձին, մասնավորապես՝ կրթության և առողջապահության ոլորտներում տիրող կոռուպցիային, ինչպես նաև կոռուպցիայի դրսևորումներին ընտրությունների ժամանակ:

Երրորդ մասում մասնակիցներին ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական բաղադրիչները՝ կանխարգելում, բացահայտում, հանրային աջակցություն և կրթություն: Մասնակիցները ծանոթացել են նաև կոռուպցիայի կանխարգելման գործիքներին, պատկերացում են ստացել տեղեկատվության ազատության, շահերի բախման կարգավորման, էթիկայի նորմերի վերաբերյալ: Ստացած գիտելիքներն ամրապնդել են գործնական աշխատանքով: