Ազատություն TV. Կառավարությունը հաստատել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, սակայն, քաղաքացիական հասարակության համոզմամբ իշխանությունը խախտել է տեղեկացված լինելու իրենց իրավունքը: Ազատություն TV-ի եթերում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ որոշակի գաղտնիության ռեժիմով է քննարկվել նախագիծը, և ընթացակարգերի խախտումը վարչական մարմինների կողմից այնքան էլ խրախուսելի չէ: Նա նաև ներկայացրել է քաղաքացիական հասարակության առաջարկները, որոնք ընտրական օրենսգրքի նախագծում բացակայում են:

Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ընտրական օրենսգրքի մարտահրավերների հետ կապված, որի ընթացքում քննարկում էին այն հիմնական առանցքային հարցերը, որ կուզեին արտացոլված տեսնել նոր ընտրական օրենսգրքում: Այդ հարցերի թվում են՝ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնությունը, ընտրողների ցուցակների մաքրումը, ընտրության օրը ընտրատեղամասերի տեսանկարահանումը և առցանց հեռարձակումը, բողոքարկման համակարգի բարելավումը (որոշակի ժամկետներ), դիտորդների իրավունքների ընդլայնումը, մանկավարժական կազմի ընտրական հանձնաժողովի կազմից զերծ պահելուն վերաբերող խնդիրները և այլն:

Հաղորդմանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով հայտնել է, որ մարտի 21-22-ին Ազգային Ժողովում կլինեն լսումներ նախագծի վերաբերյալ: Նա նաև պատասխանել է նախագծի վերաբերյալ հարցերին, նշելով, որ հնարավորություն կտան բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց տեսակետներն ու առաջարկները:

Տես Ազատություն TV-ն 18:30 րոպեից