Ազատություն ռադիոկայան. Փակ դռների ետևում մշակված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որ հաստատվել է կառավարության նիստում, չի արտացոլում քաղաքացիական հասարակության ակնկալված բարեփոխումները, պնդում են 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրության հանրաքվեն դիտարկած կազմակերպությունների, այդ թվում՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի՝ նախագծում անգամ հետընթաց կա: Սահմանափակվել են դիտորդի, վստահված անձի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքներն ու հնարավորությունները՝ սկսած հավատարմագրվելուց մինչև տեղամասում գտնվելու գործողությունների շրջանակը, կարծես փորձելով ընտրական գործընթացը հեռու պահել անգամ հանրային աչքից:

Բացի այդ, եթե գործող օրենսգրքով միայն միջազգային դիտորդներին էր համապատասխան հրավեր ուղարկվում, ապա այժմ նման հրավերի կարիք կունենան նաև տեղական դիտորդները: Դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, ԿԸՀ-ն: Հերիքնազ Տիգրանյանը տարակուսում է, թե որ ինստիտուտը ԹԻՀԿ-ին կհրավիրի, հատկապես դեկտեմբերյան հանրաքվեից և դրան հաջորդած հայտարարություններից ու զեկույցից հետո:Դիտորդական առաքելություններն ամենավտանգավոր նորամուծությունը համարում է տեղամասային հանձնաժողովի նախագահին տրված իրավունքը, որով նա կարող է դիտորդին ընտրատեղամասից դուրս հրավիրել, եթե վերջինս խախտի Ընտրական օրենսգիրքը։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, ելնելով նախորդ ընտրությունների փորձից, օրենսգիրքը մշակող խմբին առաջարկություններ էր ներկայացրել՝ սկսած ընտրություն կատարած քաղաքացիների ցուցակների հրապարակումից մինչև տեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու դիտորդների իրավունքների ընդլայնումը: Այս առաջարկներից որևէ մեկը, սակայն, կառավարության մշակած նախագծում տեղ չի գտել։

Տես Ազատություն ռադիոկայանի նյութը: