Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ակումբ» հեռուստահաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հաղորդման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործընթացի անօրինականության, իրենց հուզող խնդիրները օրենսդրությունում տեղ չգտնելու, միջազգային կազմակերպությունների հանձնարարականները, ստանդարտները իշխանությունների կողմից ընտրողաբար և հայեցողաբար կիրառելու, իշխանությունների ոչ թափանցիկ աշխատանքի և այդ պայմաններում լրատվամիջոցների դերի, ինստիտուցիոնալ հիշողության բացակայության և հասարակությանը մտահոգող այլ հարցերի շուրջ:

Քննարկմանը մասնակցել են Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը, «ՍիվիլՆեթ»-ի լրագրող Արփի Մախսուդյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրությունների ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ կա գրեթե կոնսենսուսային մոտեցում (կոնսենսուս մինուս մեկ՝ ՀՀԿ) քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման, Հայաստանում փաստացի չբնակվող, բայց հաշվառված քաղաքացիների անուններից ընտրացուցակների մաքրման, քվեարակության օրը ընտրատեղամասի առցանց տեսանկարահանման պահանջի շուրջ: Քաղաքացիական հասարակությունը՝ մասնավորապես ԹԻՀԿ-ը ունի իր պահանջները՝ բարելավել օրենդրությունը, ընդարձակել դիտորդական առաքելությունների ու դիտորդների լիազորությունների շրջանակը` ընձեռնելով արձանագրված խախտումների հիման վրա քվեարկության արդյունքները բողոքարկելու իրավունք՝ որպես հանրային շահի ներկայացուցիչ: Եթե բոլոր հետաքրքրված կողմերի միջև ընտրական բարեփոխումներն առաջ տանելու համախմբվածություն ապահովվի, հնարավոր կլինի որոշակի ձևով ազդել արդյունքների վրա:

Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ ԹԻՀԿ-ը պատրաստվում է սեպտեմբերին մեծ կազմով դիտորդություն կազմակերպել ՏԻՄ ընտրություններում:

Հաղորդման մասնակիցները գտնում են, որ պետք է հաշվի առնվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները, մասնավորապես՝ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է իրականացվեն ներառական կերպով, և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է խրախուսվեն գործադրել ողջամիտ ջանքեր՝ գալու հնարավորինս ամբողջական փոխհամաձայնության բարեփոխումների վերաբերյալ: