Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների այն ժամանակվա նախարար Երվանդ Զախարյանը ՀՀ կառավարության նիստին Համաշխարհային բանկից 30 միլիոն դոլարի վարկ վերցնելու մասին արտաօրակարգային հարց է մտցրել: Սակայն, հստակ ձևակերպում չի տրվել, թե ինչի համար է այդ նոր պարտքը: Այդ թեմայի շուրջ Հայկական ժամանակը հարցազրույց է վերցրել տնտեսագետ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանից: Ըստ Արտակ Մանուկյանի՝ այդ վարկը և դրա հետ կապված հիմնավորումները փաստում են, որ այն պլանավորված չի եղել և իր հիմքում չունի որևէ ռազմավարություն։

Նշվածի համատեքստում ավելի քան տարօրինակ է, որ պետական ընկերություններում խորքային խնդիրների և դրանց լուծման համար վարկերի մասին որևէ աղերս չկա 2015թ. դեկտեմբերի 10-ին հաստատված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ռազմավարական ծրագրում, որտեղ մինչև 2018 թ. որևէ խոսք չի գնում էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների` Երևանի ՋԷԿ, ՀԱԷԿ և ԲԷՑ ՓԲԸ-ի վարկավորման անհրաժեշտության մասին։ Անհասկանալի, թե այդ ի՞նչ եղավ երկու ամսում, որ նման հիմնախնդիրներ «ծնվեցին»։ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ առանց ռազմավարության պարտք վերցնելը նման է «վարկ ենք վերցնում, որ նախկին պարտքերը փակենք» մոտեցման, և ըստ այդմ՝ չի վարկավորվում ֆինանսական հաստատությունների կողմից։

Հարկերի մասով խնդիրը նման է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված կառավարության հավաստիացումներին, որ սուբսիդավորումը չի իրականացվելու պետական բյուջեից, որը, իրականությանը չէր համապատասխանում։ Եթե վարկը վերցնում են պետական ընկերությունները, դրա սպասարկման բեռը ուղղակիորեն` պետբյուջեից կամ անուղղակիորեն` սակագնի բարձրացման տեսքով, կրելու ենք մենք՝ հարկատուներս։ Այդ բեռը շատ ավելի մեծ է լինելու, քան եթե նույն կառավարությունը հենց խնդրի ծագման փուլում իրականացներ աջակցությունը։ Այսինքն, վճարելու ենք «փնթի» պետական կառավարման համար։

Շրջանառվում է ՀԲ-ի անունը, բայց այն, չնայած իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և թափանցիկության սկզբունքներին, մինչ օրս որևէ պարզաբանում չի ներկայացնում։ Ավելին, նախարարությունը կարծես թե զբաղված է վարկառու փնտրելով: Սկզբում նախարարի խոսքերով վարկառու էր հանդես գալիս ՀԷՑ-ը: Հետո շտկումներ եղան խոսքում, հիմա ստեղծում են բանակցային խումբ, որ պայմանները բանակցեն և ըստ այդմ, վարկի նպատակահարմարությունը հիմնավորվի, մինչդեռ այս գործողությունները պետք է իրականացվեին նախքան վարկի ստացումը։ Բոլոր հիմքերը կան կասկածելու, որ այս վարկը ծածկելու է մի ծախս, որը կատարվել է նախկինում, օրինակ՝ «Նաիրիտ», Վանաձորի «Քիմպրոմ» և այլն։

Այն, որ անցած շաբաթվա վերջին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը նոր պետք է սկսի բանակցել վարկի շուրջ, նշանակում է, որ վարկը չի ունեցել նպատակ, փորձել են վարկ վերցնել, հետո նպատակը ձևակերպեն։ Արտակ Մանուկյանը գտնում է, որ գործ ունենք կառավարության՝ որպես օրգանական կառուցվածքի անգործության/անհամագործակցության հետ։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է բացատրել, որ փետրվարի 19-ին հայտարարություններ են տարածվում Համաշխարհային բանկից 30 միլիոն դոլար վարկ վերցնելու նպատակի և պայմանների մասին, իսկ փետրվարի 26-ին ստեղծվում է բանակցային խումբ վարկի շուրջ բանակցություններ վարելու համար։ Պետական անարդյունավետ կառավարման արդյունքում գործ ունենք ոչ թափանցիկ գործարքի հետ, որի հետևանքները փակվելու են հարկատուներիս հաշվին։ Սույն մոտեցումը շարունակական է, և որևէ բարձրաստիճան պաշտոնյա մեծ հաշվով չի պատժվում պետական միջոցների փոշիացման համար: