Ազատություն ռադիոկայան. Քաղաքացիական հասարակությունը «իմիտացիա» է որակում Դաշնակցության և Հանրապետականի համաձայնագիրը, որով նրանք խոստանում են պայքարել կոռուպցիայի դեմ, ավելին` տարանջատել բիզնեսը իշխանությունից: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպիցոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշում է՝ եթե իշխող Հանրապետականը իսկապես ցանկանում էր պայքարել կոռուպցիայի դեմ և տարանջատել բիզնեսը իշխանությունից, ապա դա առանց Դաշնակցության էլ կարող էր անել: Իսկ Դաշնակցությունը այն ամենակարող ուժը չէ, որին կհաջողվի ստիպել Հանրապետականին փոխել վարքագիծը: «Բացի դրանից, եթե նայենք ովքեր են պայքարում կոռուպցիայի դեմ, մի փոքր ավելի ծաղրի է նման։ Այն մարդիկ, ում մասին մենք տարիներ շարունակ նշում ենք, որ հովանավորում են բիզնեսներ կամ գտնվում են կոռուպցիոն սկանդալների մեջ, հայտնվում են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մեջ»,- ընդգծեց Տիգրանյանը։

Տարիներ շարունակ շահերի բախման մեջ գտնվող պաշտոնյաների հարցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում բարձրացրած և այդպես էլ որևէ արդյունքի չհասած Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն ընդգծում է՝ իշխանությունը, որը մի ձեռքով հովանավորում է այս կամ այն բիզնեսը, մյուս ձեռքով ինքն իրեն չի պատժելու:

«Դիմումներ ենք ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ կապված ֆինանսների ներկայիս նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից բիզնեսների հովանավորության հետ, Տարոն Մարգարյանի՝ որոշ բիզնեսներում ներգրավվածության և գույքը, ունեցվածքը ոչ ճիշտ հայտարարագրելու հետ, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գույքի եկամուտների հայտարարագրի հետ։ Էթիկայի հանձնաժողովը հարուցեց վարույթ, բայց կայացրեց որոշում, որ նրանք այդ ընկերությունների նկատմամբ շահերի բախման իրավիճակում չեն գտնվում, օրինակ, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդիների մասով և իր զավակների բիզնեսի մասով»,- ասաց նա։

«Մենք այստեղ շատ խորը օրենսդրական խնդիր ունենք, թե ինչ բան է շահերի բախումը։ Եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով առաջնորդվենք, թե ինչպես է ձևակերպվում շահերի բախումը, մեր երկրում շահերի բախում երբևէ վրա չի հասնի, որովհետև օրենքը շատ ոչ իրատեսական ձևակերպում է պարունակում։ Դա հնարավորություն է տալիս պաշտոնյային ցանկացած պարագայում ասելու, որ շահերի բախում չկա»,- հավելել է Տիգրանյանը։

Տես Ազատություն ռադիոկայանի նյութը: