ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է ներկայացվի ՀՀ ազգային ժողով մինչև մարտի 1-ը: Սակայն մինչև վերջին օրը ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ քաղաքացիական հասարակությունը ծանոթ չեն իրենց թիկունքում մշակված փաստաթղթին: Նման տեսակետ է արտահայտվել ս.թ. փետրվարի 29-ին Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը բանախոսել է «Հանրային վերահսկողություն. ընտրությունների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման միջոց» թեմայով: Նա անդրադարձել է ընտրությունների նկատմամբ հանրային փաստացի վերահսկողությանը, որը որոշ առումով կա՛մ անհնարին է, կա՛մ անարդյունավետ: Նա այդ վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկներ է ներկայացրել:

Ըստ Սոնա Այվազյանի՝ ժողովրդավարական հասարակության մեջ, այն երկրներում, որտեղ ղեկավարում են ընտրովի կամ նրանց կողմից նշանակված մարմինները, կարևոր են ընտրությունների լեգիտիմությունը, և այդ լեգիտիմ ընտրություններն են պայմանավորում հանրային վստահությունը ընտրված և նշանակված ինստիտուտների նկատմամբ: Այդ հանրային վստահությունը ձևավորվում է հանրային վերահսկողության արդյունքում: Ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողություն ասելով նկատի է առնվում ինչպես լայն հանրության, այնպես էլ հատուկ խմբերի՝ դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց կողմից ընտրական գործընթացների վերահսկողությունը և տեսանելիությունը:

Նորմալ հանրային վերահսկողությունը պետք է լինի այսպիսին: Համապատասխան մարմինները պետք է որևէ կերպ արձագանքեն վերահսկողության արդյունքում բացահայտված խնդիրներին: Հանրային վերահսկողության ենթակա շրջանակը պետք է լինի իրավական դաշտը՝ օրենքները և ընտրական գործընթացները, ներառյալ՝ ընտրացուցակները, վարչարարությունը, նախընտրական քարոզչությունը, քվեարկությունը, վերահաշվարկը: Հանրային վերահսկիչները պետք է հնարավորություն ունենան բողոքարկելու իրենց տեսած անօրինականությունները: Պետք է լինի իրավապահների պատշաճ արձագանք:

Ունե՞նք հանրային վերահսկողություն ընտրությունների նկատմամբ Հայաստանում:

Ֆորմալ առումող ունենք: Սակայն, փաստացի այդ վերահսկողությունը որոշ առումներով կա՛մ անհնարին է, կա՛մ մասամբ անարդյունավետ է, որովհետև մնում է անարձագանք: Պետք է պատշաճ վերահսկվեն ընտրողների ստորագրված ցուցակները ընտրություններից հետո, հանձնաժողովների, մասնավորապես ՏԻՄ-երի գործունեությունը, ուր մեծ են կոռուպցիոն ռիսկերը, վերահաշվարկները, որոնց մասին պատշաճ չի ծանուցվում, բողոքարկումը, որն ըստ էության անհնարին է: Դիտորդները ստուգարք են հանձնում և հավատարմագրվում են ՀԿ-ների անունից, բայց ՀԿ-ները չեն կարողանում պաշտպանել դիտորդների խախտված իրավունքները դատարաններում, որովհետև չեն հանդիսանում պատշաճ հայցվորներ:

Անարդյունավետ են այն վերահսկողական գործողությունները, որոնց արդյունքում որևէ բան չի փոխվում, գործընթացները չեն բարելավվում: Մասնավորապես, համապատասխան արձագանք չեն ստանում քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման կամ լրատվամիջոցների կողմից անհավասար լուսաբանման հետ կապված, տեղամասերում դիտորդների/լրատվամիջոցների կողմից բացահայտված խնդիրները:

Իրավապահների կողմից ցուցաբերվում է կա՛մ բացարձակ անգործություն, կա՛մ ակտիվ գործունեություն՝ մասնակցելու ընտրախախտումներին, անտեսելու կամ խոչընդոտելու դիտորդների աշխատանքը: Անհնարինության և անարդյունավետության հետ մեկտեղ ստեղծվում են խոչընդոտներ դիտորդների համար, մասնավորապես, դիտորդների աշխատանքը իրականացվում է սպառնալիքների, բռնությունների պայմաններում:

ԿԸՀ կողմից ստուգարքների հանձնումը ստեղծում է արհեստական, բյուրոկրատական և ֆինանսական խոչընդոտներ դիտորդական կազմակերպությունների համար: Սակայն բոլոր խախտումները կառուցվում են մեկ առանցքի շուրջ, և այդ առանցքը ընտրացուցակներն են: Բուն խնդիրների լուծման հենակետը ընտրացուցակների բացահայտումն է: Մինչև դա չլինի բոլոր գործիքներն ի չիք կդառնան: