Ինչպե՞ս հասնել հանրային քաղաքականության փոփոխության ջատագովության միջոցով: Ինչպե՞ս ձևակերպել հիմնախնդիրը, որ այն տեղ գտնի իշխանության օրակարգում: Ինչպե՞ս ձևակերպել նպատակը և ներգրավել շահագրգիռ կողմերի: Այս և այլ հարցեր են քննարկվել և ներկայացվել «Արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպում» թեմայով ինտերակտիվ սեմինար-դասընթացին: Դասընթացին մասնակցել են երկու տասնյակ կազմակերպություններ, ներկայացնելով այդ հարցերի շուրջ սեփական փորձն ու մարտահրավերները և դասեր քաղելով միմյանց ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինայի մասնաճյուղի փորձից: Այն ներկայացնում էր դասընթացավար, ԹԻ Ուկրաինայի գործադիր տնօրեն, հանրային քաղաքականության փորձագետ Ալեքսի Խմարան:

Դասընթացը հագեցած էր տեսական գիտելիքներով և պրակտիկ կիրառության բազմաթիվ օրինակներով: Մասնակիցները, որ ներկայացնում էին քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, հնարավորություն են ունեցել երկօրյա սեմինար-դասընթացի ընթացքում վեր հանել իրենց հուզող հիմնախնդիրները և փնտրել լուծումներ: Խմբային քննարկումների ժամանակ կատարվել են հրատապ լուծում պահանջող առաջադրանքներ, պլանավորվել են հանրությանն առավել մտահոգիչ թեմաներով քարոզարշավներ, որոշվել են շահագրգիռ կողմերը և դրանցից յուրաքանչյուրի հետ տարվելիք աշխատանքները:

Դասընթացն անցկացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: